ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնում են, որ դատարանը սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սահակյանը ձերբակալվել է Facebook-ում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարելու համար։
ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վահրամ Սահակյանը, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:
«2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:
Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:










