Թրամփը և Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

ԴԴիանա Գասպարյան

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հարթակում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները: Հանդիպման բաց հատվածում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման համար լուծումներ կգտնվեն: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքները, թե՞ ստիպված կլինի գնալ զիջումների, ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ հակամարտող կողմերը պետք է գործարք կնքեն: «Չեմ ցանկանում ասել, թե ինչպիսին այն կլինի։ Շատ քննարկումներ ենք վարում, այդ թվում՝ նախագահ Պուտինի հետ, կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը կարծիք է հայտնել, որ թե՛ Զելենսկին, թե՛ Պուտինը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ էներգետիկ օբյեկտների թիրախավորումը լուրջ խնդիր է դարձել Ռուսաստանի համար և ազդում է դիզելային վառելիքի գնի վրա։

Թրամփի հետ բանակցություններից հետո Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ, այդ թվում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ: «Նաև պատրաստ ենք դադարեցնել հարվածները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Մոսկվան էլ նույնն անի»,- նշել է Ուկրաինայի նախագահը, հավելել՝ Ռուսաստանը մարտի դաշտում չի հաղթում, սակայն պետք է իր ժողովրդին ցույց տա, որ ձեռքբերումներ ունի: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Զելենսկին հավելել է, որ Թրամփը Ուկրաինայից չի պահանջել միակողմանիորեն դադարեցնել Ռուսաստանի ուղղությամբ հարվածները։

Զելենսկին տեղեկացրել է, որ Թրամփի հետ քննարկել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և այն ամրապնդելու տարբերակները: «Նախագահ Թրամփը դրական է տրամադրված Patriot համակարգեր արտադրելու համար Կիևին արտոնագրեր տրամադրելու հարցում»,- տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին, հույս հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի դադարեցնել պատերազմը մինչև ձմեռ:

«Ամերիկյան կողմը պետք է Մոսկվային փոխանցի էներգետիկ հրադադարի վերաբերյալ Կիևի առաջարկները»,- նշել է նախագահը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում