ԿԿարմեն Ղուկասյան

Այո՛, մեր նպատակն է մեր բոլոր քաղաքացիների կարիքը հոգալ. Ավանեսյան

Այո՛, մեր նպատակն է մեր բոլոր քաղաքացիների կարիքը հոգալ. Ավանեսյան

Միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջպետական պայմանագրերի շրջանակում Հայաստանում գործող կազմակերպությունները այս օրենքի կարգավորման մեջ չեն մտնում: Այդ մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով առողջության համընդհանուր ապահովագրության մասին:

«Միջպետական պայմանագրերը համարվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող, այսինքն՝ այս միջազգային կազմակերպությունները կարող են շարունակել գործել իրենց՝ այսօր գործող իրավակարգավորումների շրջանակում»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող կազմակերպություններին և այնտեղ աշխատող քաղաքացիներին, նշեց՝ նրանց վրա տարածվում է այս օրենսդրությունը:

«Մենք՝ բոլորս, անկախ նրանից՝ այսօր ունե՞նք մասնավոր ապահովագրական փաթեթ, թե՞ չունենք, 2026 թվականից, եթե մեր աշխատավարձը 200 հազար դրամից ավելի է, պետք է ունենանք պետական բազային ապահովագրության փաթեթը, Եվ սրա շրջանակներում է, որ հնարավորություն ենք ունենալու ընդհանրական, երկրի մասշտաբով համակարգ, ենթակառուցվածք ունենալ, և նրանք կարող են շարունակել հավելյալ, մասնավոր ապահովագրականների շրջանակում ստանալ պլյուս փաթեթներ՝ կախված իրենց՝ այսօր վճարվող գումարների շրջանակից»,- պարզաբանեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ վճարումներն իրականացնելու է հարկային գործակալը:

«Ինչպես այսօր մեր գործատուներն են իրականացնում մեր հարկային պարտավորությունների շրջանակներում վճարները, այնպես էլ այս ապահովագրավճարների գանձումն իրականացնելու են գործատուները, հարկային գործակալները: Անհատ ձեռներեցների պարագայում դա իրականացնելու են իրենք, ինչպես այսօր իրականացնում են մնացած հարկային պարտավորությունները»,- պարզաբանեց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության, ամսվա վերջում անձը իր աշխատավարձի վրա փոփոխություն չի նկատի, պարզապես ուղղությունը կփոխվի դեպի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ: 

Ինչ վերաբերում է տարիքային շեմին՝ նկատեց՝ որպես այս համակարգի ներառման շեմ՝ վերցվել է տարիքը և ոչ թե անձի՝ կենսաթոշակային համակարգից օգտվելու կարգավիճակը:

«Եվ դա շատ պարզ պատճառ ունի: Այո՛, մեր նպատակն է մեր բոլոր քաղաքացիների կարիքը հոգալ: Մեր հանձնառությունն է եղել ի վերջո ապահովել մեր քաղաքացիներին այսքան երկար սպասված առողջապահական կարիքները, բայց ամեն ինչ գալիս է մեր բյուջեի հնարավորություններից, և մեր խոստումներն էլ իրատեսական են»,- բացատրեց նախարարը: 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ խոստումների տակ ընկած են իրատեսական հաշվարկներ ու հնարավորությունների սահման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում