Իսրայելը Կատարին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու համար

ԼԼիլիթ Ասատրյան

Իսրայելի վարչապետը Կատարին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու և ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորելու համար՝ սպառնալով նոր հարվածներով: «Ես հայտարարում եմ Կատարին և բոլոր երկրներին, որոնք ապաստան են տրամադրում ահաբեկիչներին՝ կա՛մ դուք նրանց կարտաքսեք, կա՛մ դատարանի առջև կանգնեցրեք, որովհետև եթե դուք դա չանեք, ապա մենք կանենք»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:

Կատարն արձագանքել է այս հայտարարությանը՝ Նեթանյահուի խոսքերը որակելով որպես Կատարի ինքնիշխանության վրա հետագա հարձակման բացահայտ սպառնալիք:

«Նեթանյահուն քաջատեղյակ է, որ ՀԱՄԱՍ-ի գրասենյակի տեղակայումը երկրում տեղի է ունեցել Կատարի միջնորդական ջանքերի շրջանակում, ինչը խնդրել են Միացյալ Նահանգները և Իսրայելը»,- հայտարարել է Կատարի ԱԳՆ-ն՝ հավելելով՝ Նեթանյահուի պնդումը, թե Կատարը գաղտնի կերպով ապաստան է տվել ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը, հուսահատ փորձ է՝ արդարացնելու ամբողջ աշխարհի կողմից դատապարտված հանցագործությունը:

Գերատեսչությունից նշել են նաև, որ կաշխատեն գործընկերների հետ, որպեսզի պատասխանատվության ենթարկեն Նեթանյահուին իր «անխոհեմ և անպատասխանատու գործողությունների համար»:

Սեպտեմբերի 9-ի իսրայելական հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի հինգ անդամ, սակայն ըստ շարժման՝ բանակցային խմբի անդամները չեն տուժել:

Իր հերթին, Իսրայելի նախագահը հայտարարել է, որ պատրաստ են Գազայի հատվածում պատերազմի ավարտի և պատանդների վերադարձի շուրջ լիարժեք համաձայնագրի՝ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին առաջարկները չընդունելու համար:

Միևնույն ժամանակ, Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են: Կան նոր զոհեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ չնայած Իսրայելի բանակի հրահանգներին՝ կազմակերպության աշխատակիցները չեն հեռանա Գազա քաղաքից: Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը քննադատել է Իսրայելին այն բանի համար, որ մեկ միլիոն մարդու հրահանգվել է տեղափոխվել անկլավի հարավ, որը չի կարող տեղավորել այդքան մեծ թվով մարդկանց:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում