Սիրիայում հայտարարվել է համընդհանուր հրադադար. Աշ-Շարաա

ԳԳոհար Սարգսյան

Սիրիայի կառավարությունը հայտարարել է երկրում հրադադարի ընդհանուր ռեժիմ սահմանելու մասին: Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը և համագործակցել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

Նա շեշտել է, որ սիրիական պետությունը հանձնառու է պաշտպանելու երկրի բոլոր փոքրամասնություններին: Երկրի իշխանությունները հայտնել են, որ հրադադարի խախտման դեպքում կկիրառվեն օրինական միջոցներ՝ համաձայն երկրի սահմանադրության և իրավական նորմերի:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել էր պետքարտուղարի միջնորդությամբ Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարի համաձայնության մասին, որը ողջունել էին Թուրքիան և Հորդանանը:

Սիրիայի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնի միջնորդությունն օգնել է կանխել Իսրայելի հետ լայնածավալ էսկալացիան:

Եվրոպական միությունը ողջունել է Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարը՝ կոչ անելով անմիջապես դադարեցնել բռնությունը և անխտիր պաշտպանել բոլոր քաղաքացիական անձանց:

«Մենք նաև կոչ ենք անում Իսրայելին և բոլոր օտարերկրյա դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - նշված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն նաև հիշատակել է զինված խմբերի կողմից անզեն խաղաղ բնակիչների նկատմամբ վերջին օրերի բռնությունները՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջազգային մարդասիրական օրենքը խախտողներին:

Հրադադարի մասին հայտարարությունից առաջ դրուզների և բեդուինների միջև նոր մարտեր էին բռնկվել: Դամասկոսը կրկին զորքեր է ուղարկել աս-Սուեյդայի նահանգ, որտեղից ավելի վաղ դուրս էր եկել Իսրայելի պահանջով:

Ըստ տեղեկությունների՝ Իսրայելը համաձայնել է թույլ տալ, որ Սիրիայի ներքին անվտանգության ուժերի անձնակազմը 48 ժամով մտնի աս-Սուեյդա՝ դրուզներին պաշտպանելու համար: Ըստ Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության՝ հուլիսի 13-ից բռնկված մարտերում առնվազն 940 մարդ է զոհվել:

Այս բախումների ընթացքում Իսրայելը հարվածներ էր հասցրել ինչպես աս-Սուեյդայում, այնպես էլ Դամասկոսում գտնվող մի շարք օբյեկտների՝ ի պաշտպանության դրուզների: Իսրայելը նաև գրեթե 600 հազար դոլարի հումանիտար օգնություն է ուղարկել աս-Սուեյդայի դրուզներին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հայտնել էր, որ կան հավաստի տեղեկություններ մարտերի ընթացքում աս-Սուեյդայում մարդու իրավունքների լայնատարած խախտումների և կամայական սպանությունների մասին:

Ըստ Տյուրկի՝ հանցագործությունների ենթադրյալ իրագործողների թվում եղել են ինչպես Սիրիայի անվտանգության ուժերի անդամներ և ժամանակավոր կառավարության հետ կապված անձինք, այնպես էլ դրուզ և բեդուին զինյալներ:

Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում