ԻԻրինա Մկրտչյան

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում»,- ընդգծել է փոխնախարարը և հավելել, որ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները:

Ըստ զեկուցողի՝ բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների և արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում:

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը: «Նախագծի ընդունումը կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, ինչը կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանն ու առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաև ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի նաև միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների և քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը:

Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքում սահմանված որոշ դրույթներին:

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը կքննարկվի ոլորտի մասնագետների և փորձագետների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում