Այս ամիս Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին: Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա կարող է համագործակցության մեկնարկի համար ազդանշան լինել:

«Հայաստանի հետ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, իսկ արագ բարեկամանալն՝ անիրատեսական, սակայն առաջին քայլերը հնարավոր է անել»,- նշել է Ալիևը:

Նա նշել է, որ վրացական կողմը մի քանի նախաձեռնություն է առաջարկել, որոնց Բաքուն դրական է արձագանքել, և այժմ սպասում են Երևանի պատասխանին։

«Խոսքը լրագրողների փոխայցելությունների և անդրսահմանային գետերի հարցով համատեղ քննարկումների մասին է»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը հայտարարել է նաև, որ Բաքուն չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Նա բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։

«Եթե պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը համաժողովում անդրադարձել է նաև Իրանի հետ Բաքվի հարաբերություններին: Խոսելով Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված զինված հարձակման մասին՝ Ալիևը նշել է, որ Բաքուն չի մոռանում ողբերգական իրադարձությունը․

«Մեր երկրների միջև հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է, որ այդ ահաբեկիչը և նրա թիկունքում կանգնածները պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն»։

Ալիևը նաև հայտնել է, որ այս ամիս նախատեսվում է Իրանի նախագահի այցն Ադրբեջան, ինչը կարևոր է երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի զարգացման տեսանկյունից։

«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ։ Թեհրանի հետ ունենք տրանսպորտային և տնտեսական լայն օրակարգ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում