Սիրիայի հետ հարաբերությունների վերանայման համաժողով Սաուդյան Արաբիայում

ՄՄերի Ներսիսյան

Արևմտյան և Մերձավոր Արևելքի երկրների արտաքին գործերի նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Գագաթնաժողովը ղեկավարում է Սաուդյան Արաբիան. այն առաջինն է, որին մասնակցում են միաժամանակ Սիրիայի նոր կառավարության անդամներն ու արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անդրադառնալով Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ պատժամիջոցները թուլացնելու եվրոպական ցանկացած որոշում կպայմանավորվի կառավարման նկատմամբ Սիրիայի նոր վարչակազմի մոտեցմամբ: Ռիադում Սիրիային նվիրված գագաթնաժողովի ժամանակ Կայա Կալասը ընդգծել է, որ այս փուլում անչափ կարևոր է Սիրիայի նոր իշխանության որդեգրած քաղաքականությունը բոլոր ոլորտներում: Նրա խոսքով՝ Սիրիայի քայլերից պարզ կդառնա՝ ԵՄ-ն անո՞ւմ է հաջորդ քայլերը, թե՞ հետ է քաշում իր ձեռքերը: Կալասը նաև հայտարարել է, որ Եվրոպայի ԱԳ նախարարները հունվարի վերջին կհանդիպեն՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։

Ռիյադում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նույնպես անդրադարձել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման թեմային: Նա առաջարկել է «խելացի մոտեցում» պատժամիջոցներին՝ որպես որոշակի աջակցություն սիրիացի բնակչությանը: Գերմանիայի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն, սակայն Բեռլինը կողմ է որոշակի վերանայումների, որպեսզի անցումային այս շրջանում Սիրիան կարողանա հնարավորինս արագ վերականգնվել:

ԵՄ-ն Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից։ Պատժամիջոցները կիրառվել են կառավարության և ռազմական կառույցների, ինչպես նաև նախագահ Բաշար ալ Ասադի ընտանիքի և ընկերների դեմ:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում