ԼԼիլիթ Ասատրյան

Բանակը դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը. Սուրեն Պապիկյան

Բանակը դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։

 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը:
 

33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին:

 

Մեր ժողովուրդը գիտակցաբար ու աներկբա ստանձնեց այդ սրբազան պարտականությունը:

 

Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը:

 

Մեր Անկախությունը պետականաշինության դժվարին ընթացք էր, որն ուղեկցվեց վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով ու ձախողումներով, նվաճումներով և բացթողումներով, բայց երբեք չընդհատվեց՝ մեր ժողովրդի կամքի, տքնանքի, ազատասիրության, խիզախության ու պատվախնդրության շնորհիվ:

 

Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, շարունակում իր ընթացքն ազատության, ժողովրդավարության, ինքնիշխանության ճանապարհով, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր, որտեղ առանցքային դերակատարը սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող, եռանդուն, աշխատող-արարող, առաջընթացի գաղափարներով լի, սեփական երկրի ապագայի հանդեպ լավատեսությամբ տոգորված, սեփական երկիրը կառուցելու և պաշտպանելու պատրաստ քաղաքացին է:

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

 

Մաղթում եմ, որ անկախ պետականաշինության դժվարին ճանապարհն այսուհետ անցնենք ավելի միասնական, համերաշխ, նվիրումով և խանդավառ:

 

Ու երբեք չկասկածենք, որ միահամուռ բաղձանքն ու ջանքը եղել և մնալու են մեր համազգային երազանքների իրականացման ամենահուսալի գրավականները:

 

Փա՛ռք նահատակներին:

 
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
 
Կեցցե՛ Անկախությունը»,- նշված է ուղերձում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում