ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները

ՎՎահե Դավթյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: 

Ողջունելով նախարարին՝ Հանրապետության նախագահն ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանը այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում Ձեր հնչեցրած պատասխանների և այդ ոճի համար, որովհետև, իսկապես, բոլորս պարտավոր ենք, հնարավորությունների սահմաններում, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել այն, ինչ կատարվում է երկրում և երկրից դուրս, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն և վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում՝ նաև արտաքին գործերի նախարարությունը, իրենց առօրյա աշխատանքով ամեն ինչ անում են, որ ապրենք անվտանգ, և երկիրն էլ ընթանա զարգացման ուղիով: Այլ կերպ չի էլ կարող լինել»:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն համար՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի:

Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափերով բավականին հաճախ ենք հանդիպում, և, մեծ հաշվով, գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»:

Հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում