ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակել է նախորդ օրն ընդմիջված «Զբոսաշրջության մասին» և կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն առանցքային նշանակություն կունենա ոլորտի զարգացման գործում: Ըստ նախարարի` փաթեթն ընդգծում է առաջիկա բնագավառի` 5-10 տարիների զարգացման ուղղություններն ու հեռանկարները:
Անդրադառնալով պատգամավորների ներկայացրած առաջարկներին` Վահան Քերոբյանը փաստել է, որ դրանց հիմնական մասն ընդունվել է ամբողջությամբ, իսկ մյուս մասը հաշվի է առնվել: Նրա խոսքով լրամշակված օրենսդրական փաթեթը կոնսեսուսային տարբերակ է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվել է` որքա՞ն բեռ դա կավելացնի փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա:
Ի պատասխան` ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթի կիրարկումը կնպաստի զբոսաշրջությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Վահան Քերոբյանի հավաստմամբ Կառավարությունն ունի ծրագիր, որով սուբսիդավորվում են ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները:
Ընդգծվել է նաև բնագավառում Կառավարության վերահսկողական գործառույթների իրականացման կարևորությունը:
Մտքերի փոխանակությանը պատգամավորները հիմնականում շեշտադրել են ոլորտի օրենսդրորեն կարգավորման անհրաժեշտությունը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարևորել է օրենսդրական փաթեթի վրա միասնական, համակողմանի, արդյունավետ աշխատանքը:
Հանձնաժողովականները քվեարկությամբ նախ ընդունել են ներկայացված բոլոր առաջարկները, ապա դրական եզրակացություն են տվել «Զբոսաշրջության մասին» և կից նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին»,- ասված է հաղորդագրության մեջ:










