Հրապարակի «Փոստ»-ի շենքը կվերականգնվի. նոր մոտեցում պետգույքի ներդրումային գրավչության համար

ՄՄայա Խաչատրյան

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐԻՆ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ նշանակված է փորձաքննություն: Դեպքից անմիջապես հետո իրականացվել են աշխատանքներ՝ պարզելու՝ ինչը կարող էր պատահարի պատճառ դառնալ, կամ հնարավո՞ր էր կանխել վթարը: Վարորդների վարորդական իրավունքներն, ըստ վարչապետի, եղել են իրավազոր, մեքենաները՝ ապահովագրված և տեխզննում անցած: Պարզվել է նաև, որ նախկինում վարորդները ճանապարհային երթեևկություն լուրջ խախտումներ թույլ չեն տվել:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դեպքը քննությունը կպարզի: Ունե՞նք որևէ տեղեկություն, նորություն ունե՞նք, պարոն Քյարամյան:

Արգիշտի Քյարամյան (ՀՀ ՔԿ նախագահ) - Փորձաքննության արդյունքով կհասկանանք՝ կա՞ խախտում, թե՞ ոչ, եթե արձանագրվի, փորձագետը կասի՝ կա մեղավոր թե ոչ:

Վարչապետը անհրաժեշտ համարեց շարունակել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները: Փոխվարչապետի գլխավորությամբ գործում է աշխատանքային խումբ, որը վերլուծում է վթարների պատճառները: Դուրս են բերում սև կետեր կոչվող հատվածները, փոխվում է երթևեկության կարգը:

Նիկոլ Փաշինյան - Դեպքից առաջ առիթ եմ ունեցել ՆԳՆ նախարարի հետ խոսելու, հին բեռնատարների հետ կապված պարեկային ոստիկանությունը լինի ուշադիր: Առաջին հարցը ծագեց, որ հնարավոր դեպքերը,- այդ դեպքին է վերաբերում,- հին տարեթվի բեռնատարները հաճախ զգուշացնող լույսեր չեն ոււնենում, առաջին հարցն այն էր: Պարզվեց՝ բախումը եղել է ճակատային, ինչը այս տրամաբանությունից դուրս է: Քննությունը, հուսամ, բոլոր հարցերի պատասխանը կտա:

Վարչապետն անդրադարձավ ճանապարհների սպասարկման խնդրին՝ տեսչական մարմիններին, տարածքային կառավարման նախարարության ուշադրությունը հրավիրեց ավազի հանքերից, շինհրապարակներից դուրս եկող մեքենաների վրա, որոնցից թափվող շինանյութի պատճառով առաջանում են տարբեր, այդ թվում՝ անվտանգության խնդիրներ:

Նիկոլ Փաշինյան - Լրջորեն պետք է զբաղվենք դրանով, և ճանապարհի կառուցումից հետո սպասարկում լինի, ինչը ճանապարհի կյանքը երկարացնելու, պետական միջոցները պատշաճ ծախսելոի, անվտանգ երթևեկության մասին է:

2.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ 60 ԿՄ 5 ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻՋԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

60.7 կմ 5 ճանապարհի միջին նորոգման համար հատկացվեց մոտ 2.6 մլրդ դրամ. 13 կմ-ը՝ միջպետական, 47 կմ-ը հանրապետական նշանակության է:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Գործող շերտը հեռացնում ենք և ասֆալտ ենք տեղադրում:

Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ այս տարվա միջին նորոգման համար 150 կմ ունե՞նք:

Գնել Սանոսյան - Նախատեսել ենք 150 կմ, անցած տարի էլ մոտ այդքան արել ենք:

Նիկոլ Փաշինյան - Մնացածը հիմնանորոգում է կամ այլ ծրագրերով կառուցվող:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորոգվող ճանապարհները, որոնց թվում է նաև Ակնալիճ-Մեծամորի թանգարան տանող ճանապարհը: Հիշեցրեց, որ այն նորոգվել է Մեծամորի թանգարան իր այցի ժամանակ տրված հանձնարարականից հետո:

Նիկոլ Փաշինյան - Տարոնիկից թանգարան շատ լավ նորոգված է, մնում է մայրուղուց մինչև նորոգված հատված նորոգենք, կունենանք իդեալական ճանապարհ, մանավանդ որ Երևան-Արմավիրն էլ այցելեցի, տեսա, որ նորոգման աշխատանքները սկսել են:

ՋՐԱՅԻՆ ՊԱՐԵԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ 4 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓՈՒՄ

Գործադիրը միջոցներ հատկացրեց ջրային պարեկային ստորաբաժանման համար: Ներքին գործերի նախարարի խոսքով՝ ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն 4 հանրային լողափում՝ Շողակաթ, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի: Տարածքում կիրականացվի նաև դրոններով հսկողություն:

Վահե Ղազարյան (ՀՀ ներքին գործերի նախարար) - Ջրային պարեկային ծառայության ստեղծման նպատակը Սևանա լճում և լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, որն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի բոլոր առումներով անվտանգ Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացման հարցում:

Նախարարի խոսքով՝ օրենսդրական բազան ձևավորվել է, պարեկների վերապատրաստման դասընթացները կկազմակերպվեն սեպտեմբերից, կտևեն 10 շաբաթ։ Վարչապետն անհրաժեշտ համարեց Սևանում ուժեղացնել նոր ծառայությունները, անդրադարձավ վերջերս գրանցված ջրահեղձության դեպքերին:

Նիկոլ Փաշինյան - Այս տարի հանրային լողափերում ջրահեղձության 2 դեպք ենք ունեցել, և ՆԳ նախարարի կողմից նշանակված է նաև ծառայողական քննություն: Տրամաբանությունն այն է, որ գոնե հանրային լողափերում ջրահեղձության դեպքերից պետք է կարողանանք խուսափել. ակնհայտ է, որ մենք ծառայություններն ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջրային պարեկային ծառայությունը պետք է հետևի նաև ջրային տրանսպորտային միջոցների խախտումներին, վերահսկի լճի տարածքում ալկոհոլի օգտագործումը: Ձեռք կբերվեն 4 մոտորանավակ՝ 10 մետր երկարությամբ, որոնք 12 ամիս պարեկային ծառայություն կիրականացնեն Սևանա լճում:

Նիկոլ Փաշինյան - Սա նշանակում է, որ Սևանում ձկան որսն օրենքից դուրս անհնար է լինելու, բայց, մյուս կողմից, ուզում եմ հիշեցնել, որ որոշակի ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես պետք է իրականացվի որսը Սևանա լճից: Եվ այսօրվանից մեր ոստիկանությունը, մարզպետարանը, ՇՄՆ-ն պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հրավիրվել են փորձագետներ Սևանա լճի ձկնապաշարները գնահատելու և ուսումնասիրելու համար:

Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Սպասում ենք, որ սեպտեմբերին տվյալներ կունենանք:

Նիկոլ Փաշինյան - Երբ օբյեկտիվ գնահատական ունենանք, նաև տարեկան քվոտաները կսահմանենք: Լրջագույն պրոբլեմներ ունենք՝ ի հեճուկս նրա, որ բարձր նիշի հասանք, հետո՝ լճի մակարդակը ցածր է, պետք է Սևանը դարձնենք առաջնահերթություն:

Վերջին 4 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում և Արմավիրում, հոկտեմբերին կներդրվի պարեկային ծառայություն: Արդեն ընդունվում են հայտերը, ուսումնական գործընթացում կանանց ներգրավվծությունը կլինի 70-80 տոկոս:

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՊԵՏԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Գործադիրը հավանություն տվեց նաև գույք հետ վերցնելու, ամրացնելու, գույքի ներդրմամբ «Ռիփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերություն հիմնելու մասին նախագծին:

Գնել Սանոսյան - ԲԲԸ կանոնադրական կապիտալում դնում ենք գույք: Նալբանդյան 28 հասցեի գույքի մասին է, տարածքը՝ 0,26 հա է:  Սա նոր գործիքակազմի կիրառում է: 100 տոկոս պետական ընկերություն է հիմնվում, ֆոնդային բորսայում փորձում ենք մասնավորեցնել:

Նախարարի խոսքով՝ տեղադիրքի առումով, ճարտարապետական, պատմական, մշակութային արժեքներով շենքը բացառիկ է, բայց անմխիթար վիճակում է: Մասնավորի ներգրավմամբ կիրականացվի շենքի ամբողջական վերականգնում, արժեքը 17 մլրդ դրամ է:

Նիկոլ Փաշինյան - Քննարկման առարկա շենքը հրապարակի փոստի շենքն է, որը կարող է ավելի մեծ դեր ունենալ, բայց չունի այդ դերը: Վերցնում ենք այդ շենքը,- սա առաջին մոդելն է,- ստեղծում բաժնետիրական ընկերություն, ոչ թե շենքն ենք մասնավորեցենլու, այլ բաժնետոմս ենք թողարկելու, բաշխելու ենք Երևանի ֆոնդային բորսայում: Բորսան ակտիվացնենք, մշակույթ ներդնենք, որ մարդը ոչ թե Կառավարության հետ բանակցի. ձեռք է բերում, բաժնետոմսը վերավաճելու հնարավորություն է ունենում:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Առաջին հանձնարարականը, որ տալիս ենք պետգույքի կառավարմանը, պետք է ձևավորի տնօրենների խորհուրդ: Որոշակի ժամանակ ենք տվել, որ ծրագիրը հաստատվի, նոր կքննարկենք՝ պետությո՞ւնը կկատարի, թե՞ կառաջարկվի մասնավորին:

Կազմակերպության ղեկավարումը կիրականացնեն համապատասխան ընթացակարգով ընտրված խորհուրդը և մրցութային ընթացակարգով ընտրված գործադիր մարմինը:

Առնակ Ավետիսյան (ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Գույքի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ունի կոմերցիոն հնարավորություն, որը հնարավորություն կտա իր քաղաքաշինական, իրավական խնդիրները լուծելուց, հետո կոմերցիալիզացիա իրականացնել:

Պետական գույքի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար նոր մոտեցումներ են նախատեսում կիրառել: Այս ծրագիրը դրանցից մեկն է, որն ամրագրված է 2022-ին ընդունված պետգույքի կառավարման ռազմավարության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում