ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությունը կառույցի և Թեհրանի տեսանկյունից

ԼԼիլիթ Ասատրյան

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների թիվն ավելացավ ևս մեկով: Կառույցի 9-րդ անդամը դարձավ Իրանը, որը 2005 թվականից կազմակերպությունում ուներ դիտորդ երկրի կարգավիճակ: Իրանագետ Գարիկ Միսակյանի գնահատմամբ՝ ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական նպատակ, այն կարող է նոր հարթակ դառնալ արևմտյան պատժամիջոցների բեռը թեթևացնելու համար:

Գարիկ Միսակյան (իրանագետ) - Իրանի գերխնդիրներից մեկն է նաև արտարժույթ բերելը երկիր, և այս պետությունները կարող են օժանդակել դրան: Նաև իրանական կողմից փորձ է արվում Չինաստանի, Ռուսաստանի հետ ներքին արժույթներով առևտրային համագործակցություն ծավալել, և այս կառույցի շրջանակներում նույնպես դա հնարավոր է:

Կառույցին Իրանի անդամակցությունից կարող է շահել նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունը, նշում է Չինաստան-Եվրասիա խորհրդի ղեկավարը:

Մհեր Սահակյան («Չինաստան-Եվրասիա» խորհրդի ղեկավար) - Իրանը կարևոր խաղացող է Մերձավոր Արևելքում և վերահսկում է նաև Պարսից ծոցով էներգակիրները դեպի Արևելք, դեպի Չինաստան, դեպի Հնդկաստան տանող ճանապարհները: Իհարկե, սա նաև կարևոր է էներգետիկ անվտանգության համատեքստում:

Մհեր Սահակյանի խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունն այժմ խնդիր ունի զարգացնել իր անդամ երկրների միջև ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլև անվտանգային և ռազմական հարաբերությունները:

Մհեր Սահակյան - ՇՀԿ անդամները նաև ժամանակ առ ժամանակ զորախաղեր են կազմակերպում, փորձի փոխանակումներ են կազմակերպում, և, իհարկե, ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ ՇՀԿ-ն, ունենալով խոշորագույն շուկաները` նույն հնդկականը, չինականը, ինչպես նաև աճող շուկա` Կենտրոնական Ասիան, Պակիստանը, ռուսական շուկան, իհարկե, մեծ հնարավորություններ է ընձեռում իր անդամ երկրների համար նաև իրենց ապրանքն արտահանել այս շուկաները, զարգացնել, տնտեսական հարաբերությունները:

Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցությունը, ըստ իրանագետի, չի կարող չեզոքացնել Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու Իսլամական Հանրապետության ցանկությունը:

Գարիկ Միսակյան - Իրանական արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկն այն է, որ Իրանը գրեթե բոլոր ոլորտներում, որ իրեն շահավետ են, զուգահեռաբար փորձում է ամեն ինչ զարգացնել: Այսինքն՝ բացառվում է, որ ԵԱՏՄ համագործակցությունը ստվերվի այս կառույցում Իրանի անդամակցությամբ:

Փորձագետների գնահատմամբ՝ կառույցին Իրանի անդամակցությունը կարևոր է նաև 2016թ.-ից Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր Հայաստանի համար, ու Իրանի հարևանը լինելը լավ հնարավորություն է կառույցի մյուս անդամների հետ ևս տնտեսական գործակցությունը խորացնելու համար:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում