ՀՀ-ում են տարբեր երկրների դատախազությունների պատվիրակություններ

ԼԼիլիթ Դանիելյան

Հայաստանը մշտապես կարևոր է համարել Իտալիայի հետ գործակցությունն ու հարաբերությունների խորացումը, ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև գործակցությունն ընդլայնելու համար:

Գլխավոր դատախազն ընդունել է նաև Էստոնիայի գլխավոր դատախազ Անդրես Պարմասի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծել է, որ Հայաստանը կարևոր է համարում Էստոնիայի հետ հարաբերությունների խորացումը, այդ թվում` իրավական ոլորտում: Հաշվի առնելով Էստոնիայի դատական իշխանության պարբերականի գլխավոր խմբագրի փորձառությունը՝ Վարդապետյանը նրան առաջարկել է ընդգրկվել Հայաստանի դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում:

«1994 թվականին՝ Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո, մեր երկրների հարաբերությունները նոր ընթացք են ստացել: Կնքվել են համաձայնագրեր՝ տարբեր ոլորտներում երկու երկրների գործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Բացառություն չի կազմում նաև իրավական ոլորտը»,- նշել է Հայաստանի գլխավոր դատախազը Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

«2021 թվականի մարտից Հայաստանին հնարավորություն է ընձեռվել դիտարկել Եվրա-ջասթին միանալու հարցը: 2022 թվականից Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ՝ քրեական գործերով դատական գործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության փոխնախագահ Բոշտյան Շկռլեցի հետ հանդիպմանը:

Հայաստանում է նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն: Աննա Վարդապետյանը կարևոր է համարել սպասվող համաժողովին նրա ներկայությունը և ընդգծել հանցավորության դեմ պայքարի համընդհանուր գերնպատակի իրականացման ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունը:

Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեյի հետ Աննա Վարդապետյանը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև գործակցությունը՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանը և օրենքի գերակայության ամրապնդմանը:

Դատախազության 105-ամյակի միջոցառումը հուլիսի 1-ին է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում