Սլովենիան աջակցում է խաղաղություն բերող լուծումներին. ՀՀ-ում է Սլովենիայի ԱԺ նախագահը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սլովենիայի գործընկերոջ՝ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Արդեն մոտ կես տարի է, ինչ Արցախի ողջ բնակչությունն ապրում է պարենային և հումանիտար ճգնաժամի պայմաններում: Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունն ու անիրավ գործողությունները` ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները։

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Զուպանչիչին` 2022 թվականի հոկտեմբերին արցախցի մի խումբ երեխաներին աջակցելու համար. Սլովենիայում նրանք մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական, սոցիալական վերականգնման ծրագրին, որը երկարաձգվել է եւս երկու տարով։

Սլովենիայի ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը նշել է, որ իրենց երկիրը ոչ մշտական անդամակցության համար դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի իրենց հունիսի 6-ին կայանալիք քվեարկության ժամանակ։ Զուպանչիչը հայտարարել է՝ եթե Սլովենիան դառնա ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, իր ամբողջ ներուժով կաջակցի այն լուծումներին, որոնք խաղաղություն կբերեն։

Ուրշկա Կլակոչար Զուպանչիչ (ԱԺ նախագահ) - Մենք նաև մշտադիտարկում ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այս առումով մենք ողջունում ենք Եվրամիության ներկայությունը տարածաշրջանում և մեր աջակցությունն ենք արտահայտում ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:

Սիմոնյանն ընդգծել է, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի ու Սլովենիայի միջև գործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ ակնկալելով գործընկերների աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:

Ալեն Սիմոնյան - Հայաստանը հետամուտ է լինելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և մենք որևիցե տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, ես խնդրեցի իմ գործընկերոջը միջազգային բոլոր հարթակներում աջակցել խաղաղությանն ուղղված քայլերին Հայաստանի կողմից: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ դրական արձագանք ստացա, իմ գործընկերը նույնպես շատ կարևորում է խաղաղությունը:

Սիմոնյանը նկատել է՝ երկկողմ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա, ասել է՝ հանդիպման ընթացքում խոսվել է 2 երկրների միջև գործակցության ընդլայնման մասին:

Ալեն Սիմոնյան - Կարևորվել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Զուպանչիչը Հայաստան է ժամանել այսօր, նա Սիմոնյանի հետ հանդիպումից առաջ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատոցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում