Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հայտարարությունները քննարկելու համար ԱԺ լսում անցկացնել

ԼԼիլիթ Ասատրյան

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Ազգային ժողովում լսումներ հրավիրել՝ Հայաստանի և Արցախի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քննարկելու և գնահատական տալու օրակարգով: Ազգային ժողովի նիստի մեկնարկին առաջարկը հնչեցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ, Մինասյանն արձագանքեց՝ դրանք սովորաբար մերժվում են խորհրդարանական մեծամասնության կողմից, առաջարկեց ԱԺ նախագահին օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից և սեփական նախաձեռնությամբ լսումներ հրավիրել:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ներկայացրեք ձեր նախաձեռնությունը, մենք կքննարկենք, եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները:

«Տարօրինակ է, որ ժողովրդավարական հռչակված երկրում ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինն օրակարգում չի ներառում հայ ժողովրդի համար բախտորոշ հարցերի քննարկումը», - ի պատասխան շեշտեց Արծվիկ Մինասյանը:

Վարչապետ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 600 քառակուսի կմ տարածքով՝ Արցախը, Տիգրանաշենը և Տավուշի անկլավները ներառյալ, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև այս պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արծվաշենը:

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Արդեն օրակարգային հարցերում քննարկվեց քննիչների աշխատավարձերի բարձրացման հարցը: Գործադիրն առաջարկում է շուրջ 1000 քննիչի վճարել ամսական հավելում՝ դրույքաչափի 92 տոկոսին համարժեք, բյուջեից հավելյալ 2.6 մլրդ դրամ կպահանջվի: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով՝ քննիչները չափազանց ծանրաբեռնված են աշխատում՝ մինչդատական վարույթների շուրջ 95 տոկոսը քննվում է Քննչական կոմիտեում:

Այվազյանի խոսքով՝ կառույցից մասնագետների արտահոսք է նկատվում, ներկայում սկսնակ քննիչի աշխատավարձը՝ ամենացածր գործակցով, մոտ 300 հազար դրամ է, հավելումներով 570 հազար դրամ կդառնա:

Արսեն Այվազյան (ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Այս ռիսկայնությամբ, գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, սոցիալական երաշխիքների ցածր լինելով, աշխատավարձի ցածրությամբ` ունենում ենք մեծ արտահոսք և պակաս գրավչություն: Այսօր բուհերի լավագույն ուսանողները ձգտում են այլ աշխատանքների, քան քննչական կոմիտեում աշխատանքի անցնելն է, որովհետև նրանց ավելի բարձր վարձատրությամբ աշխատանքներ են առաջարկվում

Խորհրդարանական 2-րդ ուժի պատգամավոր Գեղամ Մանուկյանը կառավարության նախագիծը «քաղաքական պատվեր կատարողների աշխատավարձ բարձրացնելու» օրենք որակեց, հիշեցրեց, որ քննիչները մեղադրում էին ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի որդուն՝ Իգոր Խաչատուրովին և առաջին ազատամարտի, քառօրյայի մասնակից Գեորգի Արիստակեսյանին, սակայն նրանք դատարանում արդարացվեցին:

Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձը բարձրացնելն ատեստացիայով է, շուրջ 3000 հարց զինվորականը պետք է անգիր անի, որ աշխատավարձը բարձրացվի, բայց այսպես քննիչների աշխատավարձն ուզում են բարձրացնել:

Կառավարող ուժից Արմեն Խաչատրյանն արձագանքեց: Շեշտեց՝ կողմ է նախագծին, քանի որ քննչական ապարատն այսօր դարձել է որակյալ կադրեր պատրաստող դպրոց, որտեղ 5-6 տարի աշխատելուց հետո մասնագետները սկսում են փաստաբան աշխատել՝ ավելի շատ գումար վաստակելու համար:

Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Օրինակ է բերում ու ասում՝ քննիչը գործը տարավ դատարան, բայց դատարանը բաց թողեց: Ինչքան օրինակ բերեց, պարզվեց` դատարանը բաց է թողել, բա եթե պետությունը խառնված է դատաքննչական մարմինների գործերին, ուղղորդում, պատվերներ է տալիս, էդ ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում: Սա արդյոք չի նշանակում, որ դատարանը գործում է անկախ և ազատ: Իսկ եթե պետությունը ցանկություն ունենար ամբողջությամբ խառնվել այս գործերին, ուղղորդել, հաստատ դատարանները բաց չէին թողնելու այդ մարդկանց:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»

Գևորգ Պապոյանը «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց: Կառուցապատողը հասանելիություն չի ունենա գնորդի վճարած գումարի 75 տոկոսին, քանի դեռ նորակառույցի ավարտական ակտը չկա, մանրամասնեց նախագծի հեղինակը:

Ըստ Պապոյանի՝ հնարավոր տնտեսական ցնցումների ժամանակ քաղաքացին այս օրենքով պաշտպանված կլինի, այսինքն, եթե մարդը բնակարան է գնել 8-րդ հարկում, սակայն շենքի այդ հարկը դեռ կառուցված չէ, կառուցապատողն իրավունք չունի գումարի 100 տոկոսն օգտագործել:

Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մարդու սեփականության վկայականը քանի դեռ չի հանձնվել, հնարավորություն չկա օգտագործելու գնորդի վճարած գումարի 75 տոկոսից ավելին, այսինքն՝ 75 տոկոսից ավելին սառած է մնալու հաշվի վրա, եթե այնպես ստացվի, որ կեսից կանգնի շենքի շինարարությունը, ապա մարդը բանկում սառեցրած ունի դեռ 75 տոկոս գումար, որով հնարավոր է այդ շենքի շինարարությունն ավարտել և բնակարանները հանձնել:

Խորհդարանականները քննարկեցին նաև ջրային պարեկների ծառայության ներդրման հարցը, նաև գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած 2 հարց: Կառավարող մեծամասնությունն այս նախագծերին դեմ կքվեարկի՝ դրանք մշակման ուղարկելու նատակով:

Հեղինակ` Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում