Վարչապետը չի բացառում, որ ՀՀ-ն կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ

ԼԼուսինե Մուրադյան

Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունց, այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԽ քարտուղարն ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց է քննարկվել, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։

««ՀԱՊԿ-ից դուրս գալ» ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Եվ չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Դուրս չի եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց նաև, որ անընդհատ խոսվում է՝ մոնիտորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա, և որ այդ մասին նաև թափանցիկ խոսվում է։

«Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է մեզ անելու։ Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։

Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ հնարավորություններ չի ունեցե՞լ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, այդ հնարավորությունը եղել է, և այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դե, դուք ՀԱՊԿ անդամ եք, ինչ քննարկենք ձեզ հետ»,- ասաց վարչապետը։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ՀՀ-ն չի՞ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանը պատասխանեց. «Դե ես էլ նույն հարցը տալիս եմ, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալը նեգատիվ ազդեցություն ունի՞, թե՞ չունի։

Վերջերս սոցիոլոգիական հարցում էր արվել, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հանդեպ վստահելիությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում նվազում է։ Հարաբերություն ասելով՝ հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերությունները չեն»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում