Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը

ԼԼուսինե Մուրադյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել 6 ամսով։

Ըստ պատգամավորի՝ քննիչ հանձնաժողովում շարունակվում է փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը: Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ստացվել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային, գրաֆիկական փաստաթուղթ, ծավալը՝ 14 000 էջից ավելի:

«Հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։

Վերը նշված լսումների և զրուցների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին և ստանալ փաստաթղթերի նոր քանակ։

Հրավիրյալների լսումները շարունակելու և փաստաթղթերի նոր ծավալն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ վստահեցնելով, որ սա վերջին երկարաձգումն է լինելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում