ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով Ուկրաինայում է

ՄՄերի Ներսիսյան

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ Է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով Ուկրաինայում է: Նրա այցի մասին առաջինը գրեցին ուկրաինական լրատվամիջոցները՝ կից ներկայացնելով լուսանկարներ: Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակից հաստատել են Ստոլտենբերգի ՈՒկրաինայում գտնվելու փաստը: Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Ուկրաինա՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին և դիտել է Կիևի կենտրոնական հրապարակում ցուցադրված խոցված ռուսական ռազմատեխնիկան: Այնուհետև Ենս Ստոլտենբերգը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով:

Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Գլխավոր քարտուղարին կոչ եմ արել օգնել հաղթահարելու մեր գործընկերների կաշկանդվածությունը որոշ սպառազինությունների մատակարարման հարցում, այդ թվում՝ հեռահար զինամթերք, ժամանակակից ավիացիա, հրետանի, զրահատեխնիկա։
Շնորհակալ եմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, սակայն Ուկրաինայի համար կարևոր է ստանալ համապատասխան հրավեր: ՆԱՏՕ-ի շատ անդամներ և ուկրաինացիների մեծ մասն աջակցում են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Հիմա համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակն է։ Անհնար է պատկերացնել Եվրաատլանտյան տարածքի անվտանգությունն առանց Ուկրաինայի: ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին մենք նաև անվտանգության երաշխիքներ ենք պահանջում:

Ենս Ստոլտենբերգ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) - Ուկրաինայի արժանի տեղը ՆԱՏՕ-ում է: Եվ ժամանակի ընթացքում մեր աջակցության շնորհիվ դա հնարավոր կդառնա: Մենք չգիտենք, թե երբ կավարտվի այս պատերազմը, բայց մենք գիտենք, որ ռուսական ագրեսիան պետք է դադարեցվի: Այսպիսով, մենք պետք է շարունակենք ուժեղացնել Ուկրաինայի զինված ուժերը և ապահովենք, որ հուսալի պայմանավորվածություններ լինեն Ուկրաինայի անվտանգության համար: Ձեր վճռականությունից հստակ երևում է՝ Ուկրաինան կհաղթի:

ՆԱՏՕ-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳ ԿՍՏԵՂԾԻ ՌԴ ՀԱՄԱՐ

Կրեմլից անդրադարձել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հավանական անդամակցությանը: Այդ քայլը նոր էական վտանգ կստեղծի Ռուսաստանի համար՝ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը կանխելը ռազմական գործողության նպատակներից մեկն է։

ԲԱՔՎԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՉՓՈՐՁԵԼ ՄԵՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ. ՀԵՅԴԱՐԻ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին Բաքվին հորդորել է չփորձել Իրանի համբերությունը: Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության տակ: «Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս պահպանել անկախություն ու ուշադրություն դարձնել ներքին հնարավորություններին: Այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել»,- նշել է Հեյդարին։


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 182 մարդ: Նախորդ ցանկը հրապարակվել էր փետրվարին: Երկու ամսում քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ցանկը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Վերջինս տեղեկացրել է, որ ցանկում ավելացել է 89 նոր անուն: Նրա խոսքով՝ ձերբակալվածները կրոնական ակտիվիստներ են, «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ և աստվածաբաններ: Նշվում է, որ նրանց ձերբակալություններն ուղեկցվել են իշխանամետ ԶԼՄ-ներում քարոզչական արշավով՝ որի նպատակն էր հանրությանը համոզել, թե ձերբակալվածներն «իրանական լրտեսական ցանցի գործակալներ են»:


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԴԱՇՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ. ԱՔԱՐ

Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը: Նա շեշտել է, որ Անկարան աջակցում է մասնավորապես Հյուսիսային Կիպրոսին, Ադրբեջանին և Լիբիային։ Հուլուսի Աքարն ընդգծել է, որ Հացահատիկի համաձայնագրի և նմանատիպ այլ քայլերի միջոցով Թուրքիան փորձում է նպաստել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում