Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը:
«Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:
«Այն դարավոր բարեկամական կապերը, որոնք մենք ունենք, մինչ օրս ուժի մեջ են և շարունակվում են: Մենք մեծ ցանկություն և պատրաստակամություն ունենք հնարավորինս աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես ժամանակին արել են ֆրանսիացի բազմաթիվ մեծ գործիչներ: Հավաստիացնում եմ, որ իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար»:
Զրույցի ընթացքում նախագահը մանրամասներ է հայտնել նախօրեին Հայաստանի տարածքում՝ Տեղ համայնքի մոտակայքում, ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորում ստացել 6 հայ զինծառայող:
Հանրապետության նախագահը նշել է, որ նման սադրանքները պարբերական բնույթ են կրում և հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:
Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման սկզբունք և հավատարիմ է այդ դիրքորոշմանը:













