«Էրեբունի» թանգարանում կստեղծվի Էրմիտաժի, Էրմիտաժում՝ «Էրեբունու» անկյուն

ՄՄերի Եգորյան

2023-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար հագեցած կլինի միջազգային գործակցություններով և նոր ցուցադրություններով: Արդեն մարտի վերջին Լուվրի թանգարանի հետ կհայտարարեն նոր ցուցադրության հայեցակարգի մրցույթ: Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի աջակցությամբ էլ նախագիծը կյանքի կկոչվի: Թանգարանի մշտական ցուցադրությունը 1984 թվականից չի փոփոխվել:

Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Դեկտեմբեր ամսին «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը կփակվի, ընդամենը մի փոքր հատվածը բաց կմնա այցելուների համար, և մյուս տարի ապրիլին մենք «Էրեբունիում» կունենանք ժամանակակից, հագեցած նաև ինտերակտիվ հատվածներով ցուցադրություն:

Փոխադարձ գործակցությունն առաջիկայում կակտիվացնեն նաև Էրմիտաժի հետ, նոր հուշագիրն արդեն հաստատման փուլում է: «Էրեբունի» թանգարանում կստեղծվի Էրմիտաժի անկյուն, որտեղ կցուցադրվեն պետերբուրգյան թանգարանի որոշ նմուշներ: Էրմիտաժում էլ կբացվի «Էրեբունի» թանգարանին նվիրված անկյուն: Միջազգային նախագծերից Բադալյանը ևս մեկն է առանձնացնում:

Միքայել Բադալյան - Մայիս ամսին Բրիտանական թանգարանում բացվելու է չափազանց կարևոր մի ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են աքեմենյան-հելլենիստական ժամանակաշրջանի շքեղագույն իրեր: Հայաստանի պատմության թանգարանն է ներկայացված լինելու և «Էրեբունի» թանգարանը:

Բրիտանական թանգարանի մասնագետներն առաջիկայում սեպագրագիտության անվճար դաս կանցկացնեն հայ ուսանողների համար: Ժամանակին համընթաց քայլելու համար «Էրեբունի» թանգարանում ստեղծվել է նաև վիրտուալ իրականության անկյուն:

Միքայել Բադալյան - Մեկ ամսից քաղաքապետարանի աջակցությամբ կունենանք AR հատված: 

Առաջիկայում «Էրեբունիում» կբացվի հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունը, աշնանը նախատեսում են փոփոխել նաև Շենգավիթի ցուցադրությունն ու հնավայրում ներդնել VR համակարգ:

Միքայել Բադալյան - Մի շարք թանգարանների հետ համատեղ լինելու երկկանթ սափորների վերաբերյալ ցուցադրություն, սա չափազանց կարևոր է, որովհետև դրանք վերաբերում են և՛ ուշ ուրարտական, և՛ մարական ժամանակաշրջանին:

Քաղաքապետարանի աջակցությամբ թանգարանն արդեն ունի պահոցների արդիական համակարգ, ինչպես նաև ժամանակակից գրադարան: Ամրոցի լուսավորությունը, ոստիկանական կետը նույնպես փոխվել են: Մի քանի օրից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կսկսի պեղումներ Երևանի Ձորաբերդ ամրոցում:

Միքայել Բադալյան - Մեր նպատակն է հուշարձանի շերտագրությունը և ժամանակաշրջանը պարզելը: Ասեմ, որ մենք էն քիչ թանգարաններից ենք, որը Գիտության կոմիտեի կողմից ունի դրամաշնորհ հատուկ ծրագիր, և պեղումներն իրականացվելու են էդ ծրագրի շրջանակում:

Մայիսի 3-ից կմեկնարկեն «Կարմիր բլուր» հնավայրի պեղումները, որոնց աջակցելու են Էրմիտաժի հնագետները, իսկ ամռանը պեղումներ կիրականացվեն Փարաքար համայնքում:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում