Ներկրվող բեռը՝ մաքսակետից ուղիղ բիզնեսի պահեստ. նախնական հայտարարագրի 1 տարին

ՀՀերմինե Բաղդասարյան

Բեռնատարը դեռ Հայաստան չի հասել՝ ՊԵԿ-ում պատրաստ սպասում են ապրանքը երկիր մտնի, որ անմիջապես մաքսակետից այն բաց թողնեն։ Այդպես, պարզվում է՝ լինում է, երբ ներմուծումն իրականացվել է նախնական հայտարարագրով՝ լինի Բագրատաշենում թե Մեղրիում, բեռը տեղում այլևս չեն զննում, սպասեցնում, եթե անհրաժեշտ բոլոր տվյալներն ու փաստաթղթերը բիզնեսը վաղօրոք ինտերնետով է ստուգման ուղարկել։

Մարինե Հակոբյան (ՀՀ ՊԵԿ նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի մաքսային տեսուչ) - Ունենք սպասվող ապրանքներից՝ բամբակե մանվածք, հատակի երեսպատման սալիկներ ունենք, սիգարետի ֆիլտր ունենք՝ քիմիական մանրաթելից, թույլ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ:

Օրերս լրացավ մեկ տարին, ինչ սկզբում փորձնական, հետո՝ մշտական ռեժիմով Հայաստանում ներդրվեց նախնական հայտարարագրի համակարգը։ Դրանով ներկայացված հայտերի քանակը՝ եռամսյակից եռամսյակ աճել է երկրաչափական պրոգրեսիայով՝ ասում է բաժնի պետը։

Սամվել Ղազարյան (ՀՀ ՊԵԿ նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժնի պետ) - Նախորդ մեկ տարվա ընթացքում նախնական հայտարարագրով ներմուծվել է ավելի քան 18,5 մլրդ դրամ մաքսային արժեքով ապրանքներ, տվյալ ապրանքները ներմուծվել են 2 300 հայտարարագրով և միջին տվյալով՝ այդ 2300 հայտարարագիրը վերաբերել է 5000 բեռնատարի:

Ղազարյանը փակագծեր է բացում․ երբ թույլ են տալիս բեռնատարը մաքսակետից գնա ուղիղ բիզնեսի պահեստ՝ ոչ թե տերմինալ զննության, տնտեսվարողը ամեն մեքենայի հաշվով մոտ 20 հազար դրամ չի ծախսում՝ կշեռքի, ապրանքը սառնարանում դատարկելու-վերաբարձելու և այլ գործողությունների վրա։ Գումարի հետ նաև ժամանակ է խնայում: Նախնական հայտարարագրով ապրանքի բացթողումը տևում է առավելագույնը 2-3 ժամ՝ նախկին 20-70-ի փոխարեն։ Սկզբում միայն խոշոր ներկրողների համար գործարկված համակարգից այժմ կարող են օգտվել նաև փոքր բիզնեսները։

Սամվել Ղազարյան - Եթե, օրինակ, սկզբնական շրջանում կար 300 մլն առնվազն ներմուծում ունենալու պարտադիր պահանջ տնտեսվարողի նկատմամբ, գնալով այդ ցուցանիշը նվազեց՝ այժմ գումարային սահմանափակում չկա, պարզապես տնտեսվարողը պետք է հանդիսանա ԱԱՀ վճարող, և նախորդ օրացուցային տարում իր ձևակերպած բոլոր ապրանքների գոնե կեսը մաքսային արժեքը պետք է որոշած լինի առաջին մեթոդով:

Նախնական հայտարարագրմամբ՝ տնտեսվարողները ներկրում են հիմնականում շինանյութ, նաև՝ սնունդ, մաշկի խնամքի միջոցներ ու տարբեր արտադրություններում օգտագործվող հումք։ Միայն լաբորատոր փորձաքննություն պահանջող բեռի համար է սահմանափակում դրված, ապրանքի ծագման երկիրը նույնպես խնդիր չէ։ Մաքսազերծման պարզ ու արագ այս տարբերակը դեռ կկատարելագործվի՝ տարեսկզբին հայտարարել էր կոմիտեի փոխնախագահը։

Ծովինար Սողոմոնյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - 2023 թվականը լինելու է նախնական հայտարարագրման համակարգի ընդլայնման տարի։

Նախնական հայտարարագիրը բիզնեսը պետք է ներկայացնի trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան»-ով։ Տնտեսվարողի ուղարկած հայտը մաքսավորներին է հասնում շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով։ Չէինք հասցրել նկարահանումն ավարտել՝ տնտեսվարողից նոր դիմում ստացան:

Վստահեցնում են՝ մինչև բեռը Բագրատաշենի մաքսակետ հասնի՝ Երևանում կավարտեն փաստաթղթային հեռակա ստուգումը, կմնա տեղում բացթողումը ձևակերպեն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում