Ժողովրդավարությունը ՀՀ-ում անշրջելի է. Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․գործողությունների ծրագիրը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարեցին Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․գործողությունների հերթական ծրագիրը մեկնարկելու մասին: Եվրոպայի խորհուրդը և Հայաստանը, այդպիսով, շարունակելու են համատեղ աշխատանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության ու ներառականության ուղղություններով:

Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Գործողությունների ծրագիրը առանցքային գործիք է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը:

«Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, թեպետ մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում»,- շեշտեց արտաքին գործերի նախարարը։

Արարատ Միրզոյան - Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագիրը մնում է չպարզաբանված:

Հայաստանի ինքնիշխան տարածքները նախորդ երկու տարիներին ձեռնարկված ագրեսիայի հետևանքով հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը, նախարարի խոսքով, շարունակում է մնալ բարձր:

Արարատ Միրզոյան - Չնայած Հայաստանի ժողովրդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և ԵԽ հետ համագործակցաբար շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է:

«Կարևորագույն բարեփոխումները իրագործվել են նաև ծանր իրավիճակներում, ու դրանք եղել են ի շահ շարքային քաղաքացիների»,- արձանագրեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Բյորն Բերգե (Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ) - Եվրոպայի խորհուրդը շատ դրական է գնահատում գերազանց գործակցությունը Հայաստանի հետ: Նախորդ տարի ավարտված գործողությունների ծրագրով առաջընթաց է եղել մի շարք ոլորտներում:

Բյորն Բերգեն էական և շոշափելի ձեռքբերումներից համարեց Դատական նոր օրենսգիրքը, որով բարելավվել են դատական համակարգի կառուցվածքը և դատավորների գնահատումը՝ միևնույն ժամանակ հարգելով դատավորների անկախությունը: Շեշտեց նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք պատժողականից անցնում են վերականգնողական մոտեցումների: Վերանայվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, այլ կառույցներ և գործիքներ են ստեղծվել, որոնցով բարելավվել են հետաքննությունների արդյունավետությունը և կարողությունները:

Խոսքի ազատություն, անձնական տվյալների, սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանություն, տեղական ինքնակառավարման բարեփոխումներ և այլն. այս ոլորտներում գործակցությունը նույնպես ներառված է գործողությունների նոր ծրագրում:

Կլաուս Նոյկիրխ (Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն) - Հայաստանը ԵԽ աջակցությամբ հատկապես 2018-ին քաղաքական ղեկավարության փոփոխությունից ի վեր կարևոր առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ: Դա նաև ԵԽԽՎ մոնիթորինգային զեկույցում է նշվել:

2019-22 թվականների գործողությունների ծրագիրը ևս, ըստ Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենի, նպաստել է այս դրական զարգացումներին:

Հրավիրվել էր նաև քննարկում նախորդ ծրագրի շահառուների ու դոնորների մասնակցությամբ:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում