Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ կարևորագույն օբյեկտներին

ԴԴիանա Գասպարյան

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 10-ին ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ կարևորագույն օբյեկտներին, որոնք ապահովում են երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների գործունեությունը: Գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հավելել է, որ հարվածների հետևանքով համապատասխան օբյեկտների աշխատանքը դադարեցվել է, արգելափակվել է արտասահմանյան զենքի տեղափոխումը:

Երեկ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ուղղությամբ 70 հրթիռ է արձակվել, որոնցից առնվազն 60-ը խոցվել է: Նրա խոսքով՝ կան զոհեր: Ամենաբարդ իրավիճակը Զապորոժիեի, Խարկովի և Խմելնիցկի շրջաններում է։ Թիրախում են հայտնվել նաև մայրաքաղաք Կիևը, Խարկովը, Լվովը, Օդեսան, Զապորոժիեն և այլ տարածքներ:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ չնայած զգալի կորուստներին՝ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները հիմնականում Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Նովոպավլովսկի ուղղություններով։

ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԿԻԵՎԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ

Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ առանց որևէ նախապայմանի, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Նա հավելել է, թե մինչ օրս հենց Կիևն է Վաշինգտոնի և Բրյուսելի գլխավորությամբ խաթարել բանակցային գործընթացը։

«Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ կլինենք բանակցել` միայն եթե հաշվի առնվեն առկա իրողությունները և այն նպատակները, որոնց մասին արդեն հայտարարել ենք»,- նշել է Վերշինինը։

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր են արդյոք բանակցություններն ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք՝ փոխարտգործնախարարը շեշտել է՝ դա կախված չէ Մոսկվայից:

ՈՒԿՐԱԻՆԱՆ 2 ՏԱՐՈՒՄ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԴԱՌՆԱԼ ԵՄ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ. ԶԵԼԵՆՍԿԻ

Ուկրաինան երկու տարվա ընթացքում կկարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:

«Որոշ երկրների առաջնորդներ կարծում են, թե Ուկրաինային 10 տարի է պետք ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն մենք կարծում ենք, որ դա 2 տարում էլ կանենք: Մեզ նաև անվտանգության երաշխիքներ են հարկավոր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը լավագույն երաշխիքը կլինի Կիևի համար:

«Պատերազմում հաղթանակից հետո կլինենք Դաշինքում»,- համոզմունք է հայտնել Զելենսկին։

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը և հարևան Շվեդիան հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կմասնակցեն արդեն որպես դաշինքի լիիրավ անդամներ։

Սաուլի Նիինիստյոյի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի 28 երկրներ, որոնք արդեն վավերացրել են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը, հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Չեմ կարծում, թե Էրդողանը կնահանջի հանրային կարծիքի ճնշման առաջ։ Ինչ-որ բան տեղից կարող է շարժվել միայն, եթե առաջընթաց արձանագրվի ԱՄՆ-Թուրքիա երկկողմ բանակցություններում», - նշել է Ֆինլանդիայի նախագահը։

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԸ

Ֆրանսիայի 200-ից ավելի քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու կենսաթոշակային փոփոխությունների դեմ, որոնց համաձայն 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանում: Փարիզում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել: Վերջիններս քարեր են նետել իրավապահներ վրա, այրել աղբամանները, կոտրել խանութների ու սրճարանների ապակիները: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել:

Երկրում կենսաթոշակային փոփոխությունների դեմ ցույցերը մեկնարկել են փետրվարի սկզբին, արհմիությունների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է 2 միլիոն մարդ։ Օրինագիծը ներկայացված է Ազգային ժողովի քննարկմանը: Ֆրանսիայի վարչապետը հույս է հայտնել, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ամռանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում