1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 281 նոր անուն կա

ԼԼիլիթ Ասատրյան

Տպագրությամբ զբաղվող այս ընկերությունը 2022 թվականի տվյալով հայտնվել է 1000 խոշոր հարկ վճարողների 7-րդ հարյուրյակում. վճարել է 397 մլն դրամի հարկ և տուրք:

Սուրեն Պողոսյան (տպագրությամբ զբաղվող ընկերության փոխտնօրեն) - Հիմնական գործոնը մեր արտադրության, արտադրողականության ավելացումն ա ու ռուս-ուկրաինական պատերազմով պահանջարկի ավելացումը հայկական շուկայից:

2022 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 281 նոր անուն կա: Տպագրությամբ, նաև պլաստիկի արտադրությամբ զբաղվող ընկերության փոխտնօրենի խոսքով՝ նպատակ ունեն էլ ավելի լավ տեղ զբաղեցնելու խոշոր հարկ վճարողների ցանկում:

Սուրեն Պողոսյան - Հիմնականում ավելացել են արտահանումները ինչպես ԵԱՏՄ երկրներ, նաև Վրաստան ու ներքին շուկայի հաշվին: Ունենք ձեռք բերած արդեն նոր հաստոցներ՝ արտադրությունն ավելի  մեծացնելու համար:

Խոշոր հարկ վճարողների ցանկում նոր հայտնված ընկերությունների ոլորտները շատ տարբեր են՝ սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև մեծածախ առևտուր և մեքենաների առքուվաճառք: Տնտեսագետի դիտարկմամբ՝ 1000-ի մեջ 281 նոր ընկերությունը բավականին բարձր տեսակարար կշիռ է և խոսում է տնտեսական նոր հնարավորությունների մասին:

Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Նոր ընկերությունների ցանկում բավականին շատ են նաև գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ընկերությունները, այստեղ նույնպես, իհարկե, հիմնական շեշտադրումը արտահանման վրա է դրված, բայց նաև պետք է նկատենք, որ կառավարության իրականացրած քաղաքականության արդյունքում այդ ընկերությունների ձևավորման համար բավականին նպաստավոր պայմաններ էին ստեղծվել:

Ըստ Սոս Խաչիկյանի՝ խոշոր հարկ վճարողների ցանկում ավելանում են տնտեսության համար որակապես ավելի կարևոր ճյուղեր ներկայացնող ընկերություններ, որոնք հիմնականում արտահանմամբ են զբաղվում:

Սոս Խաչիկյան - Այն, ինչ որ մենք ունենք, ենթադրենք՝ արտաքին գործոնների ազդեցությամբ, դա պետք է ինստիտուցիոնալացնել որոշակի քաղաքականությամբ: Մեր առաջնահերթությունը առաջիկայում պետք է լինի դա, որ սրանք ժամանակավոր բնույթ չկրեն, նրանց շահերի կենտրոնը լինի իսկապես Հայաստանը:

Ցանկում նոր հայտնված ընկերությունները նախորդ տարի միասին վճարել են 194 մլրդ 365 մլն դրամի հարկեր և տուրքեր, որը 1000 խոշոր հարկատուների վճարած 1 տրլն 490 մլրդ դրամի 13 տոկոսն է:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում