Վարչապետն ընդգծել է ՆԳՆ-ի կողմից քաղաքացուն մատուցվող ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետն այցելել է Ոստիկանություն՝ քննարկելու 2022 թ. գործունեության հաշվետվությունը և նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության առաջիկա քայլերը:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են գերատեսչության բնականոն գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս: Նշվել է, որ նախատեսվում է ապառազմականացնել Ոստիկանության զորքերը և ձևավորել Ոստիկանության գվարդիա, որի գործառույթների մեջ է մտնելու հասարակական կարգի, պետական շենքերի անվտանգության ապահովումը:

2022-ին Ոստիկանության պարեկային ծառայություններ են ձևավորվել Լոռու և Շիրակի մարզերում, արդեն առաջիկա օրերին նման ծառայություններ կսկսեն գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ընթացքի մեջ են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայությունների ձևավորման աշխատանքները: 2023 թվականին նախատեսվում է ձևավորել նաև Ջրային պարեկային ծառայություն:

Պատասխանատուները զեկուցել են Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի մասին, ինչի արդյունքում տեղի կունենան և՛ աշխատավարձերի բարձրացում, և՛ սոցիալական երաշխիքների բարելավում:

Ներկայացվել են նաև հանցավորության դեմ պայքարի, Ոստիկանության համակարգի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, կրթական միջավայրի բարելավման, Ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ նշվել է, որ ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է 77 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում:

Ներկայացվել են Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի գործունեության արդյունքները: Նշվել է, որ 2022 թվականի ընթացքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Նախորդ տարի արձանագրվել է 4308 ՃՏՊ` 296-ով պակաս, քան 2021-ին: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են վթարների թվի նվազմանը: Այս համատեքստում կարևորվել է բալային համակարգի բարելավումը, վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացումը:

Անդրադարձ է կատարվել քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորմանը, օպերատիվ իրավիճակին, հանցագործությունների դեմ պայքարին, օպերատիվ կառավարման համակարգի ներդրմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով աշխատանքների շարունակականության ապահովումն ու արդյունավետ իրականացումը, ընդգծել Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավման անհրաժեշտությունը, այդ թվում՝ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում