Ուկրաինայում հակամարտությունն ավելի է բարդացել. Չավուշօղլու

ԴԴավիթ Մուրադյան

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ. ՓՐԱՅՍ

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկյացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին: Նա նշել է, որ առաջիկա օրերին ակնկալվում է նաև Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնելով նախորդ տարի ԱՄՆ միջնորդությամբ անցկացված հանդիպումների մասին՝ Փրայսը նշել է. «Պատրաստվում ենք անել այն, ինչն առավել օգտակար է: Իհարկե, վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Պատրաստ ենք գործակցել գործընկերների, կողմերի կամ ԵԱՀԿ-ի միջոցով, կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»:

Անդրադառնալով դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը՝ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ գերատեսչությունում կան մի շարք անհատներ, ովքեր խորապես ներգրավված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ պետքարտուղար Բլինքենը:
«Սա նրա անձնական առաջնահերթություններից է։ Բայց մարդիկ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Քերըն Դոնֆրիդը, Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորապես ներգրավված կլինեն գործընթացում»,- նշել է պաշտոնյան:

Փրայսը նաև հավելել է, որ հանդիպման անցկացումը երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով կորոշեն կողմերը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵԶ. ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Ադրբեջանը փորձում է մեզ՝ նշված է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի Twitter-ի միկրոբլոգում:
«Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, խնդրում է լրջորեն վերաբերվել Արցախում հայերի ցեղասպանության սպառնալիքին։ Աշխարհը չի կարող թույլ տալ ևս մեկ Հայոց ցեղասպանություն»,- նշված է գրառման մեջ։

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲԼԻՆՔԵՆՆ ՈՒ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովի շրջանակում Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ Բլինքենի հետ մտքեր են փոխանակել նաև Կովկասի, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների մասին։

Բլինքենի և Չավուշօղլուի և համատեղ հայտարարության նշվել է, որ «նախարարները համաձայնության են եկել մեծացնել համակարգումն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության առաջ մղմանը»:

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ԲԱՐԴԱՑԵԼ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ ավելի է բարդացել։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության հարցում մենք լուրջ առաջընթացի էինք հասել։ Կողմերը մոտ էին գոնե կրակի դադարեցմանը։ Իրենք էլ էին այդ մասին հայտարարում, բայց հիմա պատերազմը ձգձգվել է, պայմանները փոխվել են, և ամեն ինչ բարդացել է։ Ցավոք, բանակցությունների համար շատ տարբեր թեմաներ են ի հայտ եկել», - ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հավելել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ, այդ թվում՝ Սև ծովում հացահատիկային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի անխափան աշխատանքը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շարունակումը, Զապորոժիեի ատոմակայանում ռիսկերի կանխումը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմիվ միջուկային զենքի կիրառման կանխումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում