Բոլոր նորակառույցները գազիֆիկացնելու համար անհրաժեշտ կլինի գազաբաշխիչ նոր կայաններ կառուցել

ՄՄուշեղ Իսախանյան

Երևանը սնուցող գազի բաշխիչ 4 կայաններից մեկն է. այստեղ գազը մաքրվում է, համապատասխանեցվում սպառման համար անհրաժեշտ նորմերին և տեխնիկական մի քանի գործողություններից հետո խողովակներով հասնում բաժանորդներին. սա կարճ բնութագիրն է, թե ինչ գործառույթ է իրականացնում գազի բաշխիչ կայանը:

Գրեթե ամբողջությամբ կառուցված այս թաղամասը նախատեսում են շահագործման հանձնել գարնանը, և, ըստ պայմանագրի, շենքը պետք է գազիֆիկացված լինի: Սակայն վերջին մի քանի օրերին այս ավանի բնակիչները անհանգստացած են, լսել են, որ շենքը գազ չի ունենալու:

Կարեն Բալումյան («Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառու) - Եթե գազամատակարարում չեղավ, ապա մինիմալ կենցաղային պայմաններ մենք չենք կարող ապահովել, ջեռուցման հարց կա, տաք ջրի հարց կա, այսինքն՝ փաստացի ստացվում է, որ մարդիկ մի քանի տարի, կոնկրետ ես՝ 3 տարուց ավելի արդեն հիփոթեք եմ վճարում, նաև բնակվում եմ վարձով, ստացվում է, որ մարդը բնակարան է գնել, տարիներով սպասել է, եկել հասել է էն պահը, երբ պետք է իր բնակարանը վերանորոգի, կահավորի, գա այստեղ ապրի, բայց գազի սպասվող խնդիրը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդը չկարողանա օգտվել իր գույքից:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը խնդրին տեղյակ է, վստահեցնում է, որ գազամատակարարում իրականացնելու համար չունի բավարար թողունակություն՝ գազամատակարարման ցանցն առանց այն էլ գերբեռնված է աշխատում: Պատճառը վերջին տարիների շինարարական բումն է: Բոլոր նորակառույցները գազով ապահովելու գործառույթ ունեցող ընկերությունում, սակայն, գազիֆիկացումն իրատեսական չեն համարում:

Արմեն Պերոկլյան («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաբաշխիչ ցանցերի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ)  - Գազամատակարարման ցանցի գազատարները ունեն որոշակի ռեզերվային պաշարներ, որոնց սպառումից հետո նոր բաժանորդների միացումը կհանգեցնի մի իրավիճակի, երբ որ նոր միացող բաժանորդի դեպքում դա կիրականացվի ի հաշիվ հին բաժանորդների: Մենք չենք կարող գազամատակարարում ապահովել նոր բաժանորդին ի հաշիվ մեր այն բաժանորդների, որոնց հետ արդեն ունենք պայմանագրային պարտավորություններ:

Երևանը սնուցող բաշխիչ 4 կայանները միասին կարողանում են ապահովել ժամում 220.000 խմ գազամատակարարում: Սակայն, 2020-ից մինչև օրս ընկերությունը 460 կառուցապատողից դիմում է ստացել՝ ընդհանուր 443.000 խմ-ժամ գազասպառման պահանջով՝ ներկա առավելագույնից կրկնակի ավելի:

Ըստ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցչի՝ լուծումը գազաբաշխիչ նոր կայանների կառուցումն է, բայց դա ոչ թե իրենք են պատրաստվում անել, այլ կառավարությանն են առաջարկում:

Արմեն Պերոկլյան - Մեր առաջարկների փաթեթը ամբողջությամբ ներկայացված է Էկոնոմիկայի նախարարություն, և թե ինչ միջոցով կամ ինչ ձևով աջակցություն կորոշի կառավարությունը ցուցաբերել, իմ համար անհասկանալի է, որովհետև դրանք դեռ քննարկման փուլում են:

Խնդրի լուծմանն է միացել նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Գուրգեն Գրիգորյանը փաստում է, որ ելք գտնելու համար էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ է գործում, բազմաթիվ հանդիպում-քննարկումներ են եղել:

Գուրգեն Գրիգորյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Քննարկվեցին մի շարք սցենարներ, սկզբնական սցենարների մի մասը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ընդունելի չեղան, ի վերջո հանգեցինք երկուստեղ փոխըմբռնելի որոշակի քաղաքականության սցենարի: Նշված խնդիրը լուծվելու է փուլային եղանակով, միանգամից ամբողջ խնդիրը չի կարող լուծվել:

Որոշ կառուցապատողներ փորձել են սեփական ուժերով լուծել խնդիրը՝ միավորվել են, յուրաքանչյուրը որոշ չափի ներդրում է արել և գազատար խողովակը հասցրել բաժանորդին: Գազամատակարարման բացակայության պայմաններում կառուցապատողները ավարտական ակտ ստանում են, բայց շահագործման թույլտվություն՝ ոչ, և աշխատանքը համարվում է անավարտ:

Սա մասնավոր մեկ դեպք է, իսկ համակարգային լուծման ի՞նչ տարբերակ է տեսնում Էկոնոմիկայի նախարարությունը՝ փորձեցինք ճշտել գերատեսչությունից: Նախարարի մամուլի քարտուղարը նշեց, որ նախարարությունը մեկնաբանություն չունի: «Լուրերի» հարցման հաջորդ օրը e-draft հարթակում հայտնվեց Էկոնոմիկայի նախարարության հեղինակած Կառավարության որոշման նախագիծ:

«Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

Ըստ նախագծի՝ բաշխիչ 4 կայանի կառուցման համար կպահանջվի շուրջ 20 մլրդ դրամ: Հաշվարկը նախնական է, ներառված չեն հողհատկացման, տարածքների ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման և նման այլ ծախսեր, որոնք կճշգրտվեն նախագծման փուլում։

Գազաբաշխիչ 4 նոր կայանները կապահովեն մայրաքաղաքի 4 ճյուղի՝ Հարավարևմտյան, Արևելյան, Հյուսիսարևելյան և Հարավային հատվածների գազամատակարարումը: 2 տարի կպահանջվի նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար, ապա կսկսվի կառուցումը՝ առաջին փուլը կավարտվի 2026-ի կեսին, ամբողջ ծրագիրը՝ 2032 թվականին:

Իսկ ո՞ւմ հաշվին են կառուցվելու բաշխիչ կայանները:

Չնայած «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մինչև 2032 թվականը գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի համաձայն մոտ 240 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է իրականացնելու, նոր գազաբաշխիչ կայանների կառուցումը դրա մեջ նախատեսված չէ:

Էկոնոմիկայի նախարարության հեղինակած նախագծի համաձայն՝ ծախսը կատարելու է պետությունը, կայանները հանձնելու է «Գազպրոմ Արմենիային» ու ժամանակի ընթացքում հետ է պահանջելու գումարը: Ընկերությունն էլ, ըստ նույն նախագծի, գումարը գազի սակագնի մեջ է ներառելու:

Արմեն Պերոկլյան - Եթե խոսում ենք, օրինակ՝ Երևան քաղաքի գազաբաշխիչ ցանցի զարգացումից, պետք է հաշվի առնենք, որ դա իրականացվելու է սակագնի հաշվին: Ի՞նչ է ենթադրում սակագնի բարձրացումը. Երևան քաղաքի գազամատակարարման ցանցը ընդլայնում ենք, ապահովում ենք նոր բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը, սակայն դրա համար վճարում են հեռավոր գյուղերում ապրող մարդիկ: Այս մոտեցումը անընդունելի է, և մենք չենք շարժվել այս մոտեցմամբ:

Այսպիսով, ընկերությունը հրաժարվում է ներդրում անել գազի սակագինը չբարձրացնելու պատճառաբանությամբ, Կառավարությունն էլ կառուցում է բաշխիչ կայաններ, բայց ակնկալում գումարի վերադարձ՝ սակագնի բարձրացման հաշվին: Շրջանառվող նախագծի վերաբերյալ, ի դեպ, «Գազպրոմ Արմենիան» դեռ կարծիք չի հայտնել:

Կայանների համար անհրաժեշտ 20 մլրդ դրամը պետությանը հինգ տարում է պետք վերադարձնել՝ տարեկան 4 մլրդ դրամ, բաժանելով գումարը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա բաժանորդների թվի՝ 750544-ի վրա, ստացվում է, որ նորակառույցների բնակիչների գազի խնդիրը լուծում են շարքային բաժանորդները, 5 տարվա ընթացքում յուրաքանչյուրը տարեկան միջինը 5329 դրամ ավելի մուծելով:

Սա ընդամենը հնարավոր տարբերակներից մեկի խիստ պայմանական հաշվարկ է, գումարի փոխհատուցման ի՛նչ տարբերակներ կմշակի Կառավարությունը՝ հայտնի կդառնա առաջիկայում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում