ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքներով

ԴԴավիթ Մուրադյան

Եվրամիությունը մտահոգված է իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությամբ, ինչպես նաև վերջերս Էլչին Սադիգովի և Ավազ Զեյնալլիի նախնական կալանքի ժամկետների երկարաձգմամբ: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրանց, ովքեր գտնվում են անազատության մեջ իրենց հիմնական իրավունքների իրականացման համար, և վերացնել սահմանափակումները Էլչին Սադիգովի նկատմամբ»,- ասված է փաստաթղթում:

Եվրամիությունը նաև հավատարմություն է հայտնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության և համագործակցության շարունակմանը և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը։

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԻՐ ԶԵՆՔԸ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԿԻԵՎԻՆ

Շվեյցարիան թույլ չի տվել Իսպանիային՝ իր զենքը մատակարարել Ուկրաինային՝ գրում է 20 Minuten թերթը։

«Իսպանիան ցանկանում էր աջակցել Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է արտադրող երկրի՝ Շվեյցարիայի համաձայնությունը, որը Մադրիդը չի ստացել»,- ասվում է հրատարակության մեջ։

Պարբերականը նշում է, որ Բեռնը դիրքորոշումը հիմնավորել է երկրի չեզոք կարգավիճակով և ռազմական նյութերի մասին օրենքով։

ՄՈԼԵԳՆՈՂ ՓՈԹՈՐԻԿՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

7 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են ԱՄՆ հարավային նահանգներում մոլեգնող մի շարք պտտահողմերի հետևանքով։ Ալաբամա նահանգի Սելմա քաղաքի տասնյակ տներ և ձեռնարկություններ փլատակների են վերածվել կամ մեծ վնասներ են կրել, գրում է Euronews-ը:

Ալաբամայի մեկ այլ հատվածում պտտահողմը 30 կիլոմետր լայնությամբ ճանապարհ է փորել: Հաղորդվում է, որ մի շրջանում էլ տորնադոն օդ է նետել մի քանի շարժական տուն: Ջորջիայում և Ալաբամայում մոլեգնող աղետի հետևանքով ավելի քան 98 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։

Մինչ բնակիչները վերադառնում են իրենց տները՝ գնահատելու վնասը, շտապօգնության ծառայությունները փնտրում են մարդկանց, որոնք կարող էին հայտնվել փլատակների տակ:

Վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները հայտնվել է մի շարք էքստրեմալ եղանակային երևույթների հարվածի տակ, որոնք շատ փորձագետներ կապում են կլիմայի փոփոխության հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում