Մեկ ամսում համարակալվել է Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների 40-45 տոկոսը

ՎՎահե Կոստանդյան

Կենդանիների համարակալման գործընթացը Հայաստանում մեկնարկեց մեկ ամիս առաջ, ու արդեն «Անի պաս» հաշվառման համակարգում կենդանիների շարժը երևում է: Ենթարկվել է սպանդանոցային թե բակային մորթի, կամ, ասենք՝ փոխվել է կենդանու տերը, համարակալման միջոցով հնարավոր է հետևել այս ամենին:

Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Սպանդանոցային մորթի դեպքում ավտոմատ միացված է ծրագրին, սպանդ գրանցելիս արդեն իսկ դուրս է գալիս համակարգից, իսկ այն թույլատրելի դեպքերում, երբ որ անասնատերը իր անձնական օգտագործման համար է իր կենդանիներին մորթել, ականջապիտակները տվել են մեր անասնաբույժներին:

Մեկ ամսում հասցրել են համարակալել ու հաշվառել 210 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: 173 հազարի տվյալներն արդեն մուտքագրված են «Անի պաս» համակարգում: Գործընթացն արագ է ընթանում՝ ասում է Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի ղեկավարը: Համարակալման գործընթացում նախատեսել էին ներգրավել 300 անասնաբույժի, հիմա նրանց թիվը 400-ից անցել է:

Գառնիկ Հովհաննիսյան - Պլանավորվում էր իրականացնել ամբողջ գլխաքանակի 40-45 տոկոսը, որը իրականացրեցինք խոստացված ժամանակահատվածի ավարտը՝ մինչև տարեվերջ:

Որքան էլ անասնապահները համարակալմանը դեմ չեն, միևնույնն է՝ որոշ ֆերմերներ դեռ հարկվելու մտավախություն ունեն, ասում է Գառնիկ Հովհաննիսյանը, մինչդեռ համարակալումն ու հաշվառումը միայն անվտանգ մսամթերք ու կաթնամթերք ունենալու նպատակով են արվում, որ կարողանան հետևել կենդանու պատմությանը:

Գառնիկ Հովհաննիսյան - Ծրագիրը զուտ առողջապահական տեսանկյունից է կարևոր, և ոչ մի հարկային բեռ իրենց վրա չի ավելանալու:

Կենդանու հաշվառումն ու համարակալումը անասնապահի համար անվճար են: Գործընթացը ֆինանսավորվում է պետական միջոցներով: Արարատի, Արմավիրի և Տավուշի շատ համայնքներում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ըստ Գառնիկ Հովհաննիսյանի՝ այս տեմպերով աշխատելու դեպքում մինչև 2023-ի ամառ խոշոր եղջերավորների համարակալումն ու հաշվառումն ամբողջությամբ կավարտեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում