Տարվա ձեռքբերումներն ու ռիսկերը. ՀՀ նախագահն ընդունել է ԿԲ նախագահին ու Էկոնոմիկայի նախարարին

ԼԼիլիթ Ասատրյան

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Տիգրան Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելը կբարձրացնի կառավարության աշխատանքի արդյունավետությունը՝ համոզմունք է հայտնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Որպես պետություն` մի կարևոր խնդիր կա՝ կառավարման արդյունավետության խնդիրը, իսկ դուք հենց հարցը բարձրացնողն եք եղել, ու մեր աշխատանքի գնահատականը հենց այդպես պետք է տանք:

ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԻԹ Է. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախագահի նստավայրում հյուրընկալված փոխվարչապետն էլ ուրախությամբ փաստել է, որ նախագահի հետ կարող են խոսել թե՛ ընթացիկ հարցերի, թե հետագա անելիքների մասին:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Ինձ համար որևէ պաշտոնում գտնվելը պատասխանատու ձևով, համագործակցաբար նաև Կառավարության մյուս գործընկերների հետ եղած խնդիրների լուծման հնարավորություն և առիթ է:

ԿԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԱԴԵԿՎԱՏ ԷԻՆ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

Կենտրոնական բանկի համարժեք քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների. Վահագն Խաչատուրյանի գնահատականն է կենտրոնական դրամատան աշխատանքին:

Վահագն Խաչատուրյան - Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար: Իմ անձնական դիտարկումներով` Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին, և այդ ադեկվատության արդյունքում մեզ մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն:

ՏԱՐԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՈՎ ԼԻ ԷՐ. ԿԲ ՆԱԽԱԳԱՀ

Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց Կենտրոնական բանկը, բալանսավորված քաղաքականություն վարելով, տարին կարողանում է 9 տոկոսին մոտ գնաճով փակել, որը մեր թիրախից բարձր է, բայց ունենք ցուցանիշ, որ տարածաշրջանում ու զարգացած երկրների համեմատ բավական լավն է:

Խաչատուրյանն ու Գալստյանը քննարկել են 2023-ին ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիները, ռիսկերի չեզոքացմանն ուղղված քայլերը:

ԷՆ-Ն ԳՏԵԼ Է ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԼՈՒԾՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ

Նախագահն ընդունել է նաև երկրի տնտեսական քաղաքականության մյուս պատասխանատուին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

Վահագն Խաչատուրյան - Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ էին պետք, իսկ Էկոնոմիկայի նախարարությունն այդ լուծումները գտել է: Շատերի կողմից միգուցե առաջին հայացքից ընկալելի չէր, բայց կյանքը ցույց տվեց, որ նախարարության դերը հենց այն է, որ կարողանա ճիշտ արձագանքել:

ՈՐՈՇ ԲԱՆԵՐ ՀԱՋՈՂՎԵՑԻՆ, ՈՐՈՇ ԲԱՆԵՐ՝ ԴԵՌ ՈՉ. ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Որոշ բաներ հաջողվեցին, որոշ բաներ դեռ չի հաջողվել անել: Կարողացանք գործընկերների հետ այնպես անել, որ Լարսի անցակետի թողունակությունը բարձրանա, ու հիմա, ըստ էության, հերթեր չկան: Սակայն գիտեք՝ շատ բան կախված է եղանակային պայմաններից, և հնարավոր է, որ մոտ ապագայում էլի խնդիրներ լինեն:

Հանդիպմանը քննարկվել են նաև եկող տարում Հայաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր:

Հեղինակ` Անի Օհանյան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում