Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունները խորանում են

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության օրեր առաջ իրականացրած հարցման արդյունքն է՝ ադրբեջանցիներն իրենց երկրի թշնամիների թվում ամենից հաճախ նշում են Իրանի անունը: Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ Իրանի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության և քաղաքացիների ոչ բարեկամական տրամադրվածությունը տասնամյակների պատմություն ունի: Դեռ 2011-ին Ադրբեջանում անցկացված հարցման տվյալով՝ այդ երկրի թշնամիների շարքում Իրանը եղել է երկրորդը, զիջելով միայն Հայաստանին:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - Իրենց ամենահայտնի կարգախոսներից մեկը հնչում է հետևյալ կերպ՝ «Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թուրքի թշնամիները»: Հետևաբար, սա իրենց մոտ այսպես ժողովրդական մակարդակով միշտ էլ առկա եղել է ու պետության կողմից, պետական քարոզչության կողմից միշտ խրախուսվել է:

Ադրբեջանում հակաիրանական քարոզչությունը կառուցված է այսպես կոչված «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզի վրա: Երկրի իշխանությունը ժողովրդին հավատացնում է, թե Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային շրջանները Ադրբեջանի պատմական հողերն են, այնտեղ բնակվող թյուրքախոս իրանցիներն էլ՝ ադրբեջանցիներ: Ադրբեջանին տեղեկատվական այս պատերազմում ֆինանսական և գաղափարական աջակցություն է ցույց տալիս նաև Թուրքիան: Քարոզչական ակցիաներն ակտիվացել են հատկապես Իրանում շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին:

Տարոն Հովհաննիսյան - Շատ ակտիվ են դրանք հենց թյուրքախոս բնակչության շրջաններում: Եվ իրենք այս հանգամանքն են փորձում օգտագործել նաև հարվածելու Իրանում հոգևոր առաջնորդի, առկա վարչակարգի իշխանությանը:

Եթե խնդիրը դիտարկվի հավակնությունների տեսանկյունից, իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով, Իրանն Ադրբեջանի տարածքի նկատմամբ ունի առավել հիմնավոր պահանջներ: Դրանց հիմքում Թուրքմենչայի պայմանագիրն է. 200 տարի անց էլ չեն մոռացել իրենց տարածքների զավթումն ու հետագայում դրա վրա Ադրբեջան անունով պետության ստեղծումը:

Ահարոն Վարդանյան (իրանագետ) - Նրանց համար Թուրքմենչայի պայմանագիրը 1828 թ. մի ամոթալի պայմանագիր է, որով ամբողջությամբ այդ հատվածը պոկվել է Իրանից, և նույնիսկ անունը յուրացվել է Իրանից և հենց իրանական Ատրպատական նահանգի անունն է:

Իրանի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը կտրուկ վատացավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանական իշխանությունը սկսեց պահանջներ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և հանդիպեց իրանական արձագանքին:

Ահարոն Վարդանյան - 44-օրյա պատերազմի վերջում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց Իրանի կարմիր գծերը՝ այն չորս կետերը, և դրանցից մեկը միջազգայնորեն ընդունված սահմանների անփոփոխելիությունն է, որը չի հանդուրժելու Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Սյունիքի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները սպառնալիք են նաև Իրանի ազգային անվտանգությանը, նշում է Ահարոն Վարդանյանը: Հայաստանի հարավային մարզը Իրանի համար այլընտրանքային ճանապարհ է դեպի Սև ծով, այն նաև հավելյալ լծակ է Նախիջևանի միջոցով Ադրբեջանին ճնշելու համար:

Ահարոն Վարդանյան - Ցամաքային կապը տեղի է ունենում Նախիջևանի հետ Իրանի միջոցով: Այսինքն՝ եթե հանկարծ Սյունիքի մարզով այդ ամենը տեղի ունենա, ապա այդ ցամաքային կապը կընդհատվի, և Իրանը իր ազդեցության լծակներից մեկը Բաքվի վրա կկորցնի թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքական առումով:
 
Տարոն Հովհաննիսյան - Ադրբեջանը զավթել է Հայաստանի Հանրապետության տարածքները, Ադրբեջանն ուզում է միջանցք Հայաստանի տարածքով, որը ռիսկի է ենթարկում կտրել նաև Իրանի հաղորդակցությունը Հայաստանի հետ ապագայում: Այս պարագայում արդեն Իրանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չտալու գաղափարախոսության համատեքստում Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն բացեց: Քայլը ծաղրանքի արժանացավ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հաղորդման ժամանակ: Ադրբեջանի նախագահն էլ կոշտ ակնարկ հնչեցրեց Իրանի հասցեին՝ Արաքս գետն անցնելու սցենարի խաղարկմամբ զորավարժության համար:

Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների հետ, այդ երկար տարիների ընթացքում չի եղել նման իրավիճակ: Իրանը երբեք մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություն չի իրականացրել մեր սահմանին, երբեք ատելությամբ և սպառնալիքներով լցված այսքան հայտարարություն չի հնչել Ադրբեջանի հասցեին: Մենք միշտ պատասխանել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի, լինի դա հայտարարություն թե գործողություն: Մենք ստիպված էինք սկսել զորավարժություն Իրանի սահմանին՝ ցույց տալու, որ մենք նրանցից չենք վախենում: Մենք կանենք հնարավորը՝ պաշտպանելու Իրանում ապրող ադրբեջանցիներին: Նրանք մեր ժողովրդի մասնիկն են:

Իրանի հետ սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իրենց խաղարկմամբ ուղղված էին ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Իրանի դեմ: Սցենարներից մեկը իրանական գետանցման վարժության հայելային պատկերն էր հիշեցնում:

Տարոն Հովհաննիսյան - Որևէ գետ չկա զուգահեռ անցնող Հայաստանի հետ սահմանին կամ Արցախի հետ շփման գծում, որը գետանցում իրականացնելու կարիք ունի: Միակ գետը Ադրբեջանի և այլ պետության սահմանին է, որը ձգվում է ադրբեջանա-իրանական սահմանով: Հետևաբար, սա հստակ խաղարկում էր Արաքսի գետանցման:

Տեղեկատվական դաշտում պետությունների վարած պատերազմը, ռազմաքաղաքական ասպարեզում ուժի ցուցադրությունը, փորձագետների կարծիքով՝ բավական վտանգավոր նյարդերի խաղ է, որը կարող է հետևանքներ ունենալ, եթե խախտվեն Իրանի կարմիր գծերը:

Մինչև այդ, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Իրանը կփորձեն խուսափել ուղիղ առճակատումից՝ խնդիրների լուծումը թողնելով պաշտոնյաների ու դիվանագետների ուսերին:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում