Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Լին Թրեյսիի թեկնածությանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԴԴիանա Գասպարյան

ԼԻՆ ԹՐԵՅՍԻՆ՝ ՌԴ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությանը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ հայտնել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Ըստ ընթացակարգի՝ Թրեյսիի նշանակման հարցը հաջորդիվ պետք է քննարկվի Կոնգրեսի ստորին պալատում, քվեարկության օրը դեռևս նշանակված չէ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թրեյսիի թեկնածությունը ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերին:

ՊԵՐՈՒՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկությունից հետո Պերուն նոր նախագահ ունի՝ Դինա Բոլուարտեն: Պերուի առաջին կին նախագահի երդմնակալությունն արդեն տեղի է ունեցել:

Ոստիկանությունը ձերբակալել է Պեդրո Կաստիլյոյին: Ավելի վաղ Պերուի նախկին նախագահը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկությանն ընդառաջ ցրել խորհրդարանը և Պերուում պարետային ժամ սահմանել։ Երկրի գլխավոր դատախազությունը որոշումը «սահմանադրական կարգի խախտում» է որակել։

Այժմ Կաստիլյոն մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու համար։ Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։

Վաշինգտոնը առաջինն է ողջունել Պերուի նոր նախագահի նշանակումը։ Պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ ամերիկյան իշխանությունները կաջակցեն Դինա Բոլուարտեին՝ ամրապնդելու երկրում ժողովրդավարությունը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՎՃՌԱԿԱՆ Է՝ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ. ՔԱԼԸՆ

Թուրքիան վճռական է տրամադրված երկրի դեմ ահաբեկչական սպառնալիքները վերացնելու հարցում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Նա ընդգծել է՝ Սիրիայում և Իրաքում Անկարայի գործողություններն ուղղված են Քրդստանի աշխատավորական կուսակցության և դրա սիրիական ճյուղավորումների դեմ:

Ամերիկյան կողմը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը և հայտնել է Սպիտակ տան դիրքորոշումը թուրքական իշխանություններին: Այս մասին էլ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ գործողությունը սպառնում է խաղաղ բնակչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարող ամերիկացի զինծառայողների անվտանգությանը:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը նույնպես հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ, ընդգծել, որ Անկարայի ավիահարվածները Սիրիայի հյուսիսային տարածքներին վտանգ են ներկայացնում ԱՄՆ զինվորականների համար։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ Բըրնսը հորդորել է թուրքական կողմին զերծ մնալ ցամաքային գործողությունից։

Al Jazeera-ի տվյալով էլ՝ թուրքական հրամանատարությունը պահանջել է, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները» 2 շաբաթվա ընթացքում հեռանան Հալեպի հյուսիսային երեք շրջանից։ Անկարան իր վերջնագիրը փոխանցել Սիրիայում տեղակայված ռուս և ամերիկացի զինվորականներին:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 9-ՐԴ ՓԱԹԵԹԸ

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը, որի համաձայն սև ցուցակում կներառվի ևս 200 մարդ և ձեռնարկություն, երեք բանկ, չորս հեռուստաալիք, ռազմարդյունաբերական ընկերություններ:

Կսահմանափակվի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներկրումը և արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումը եվրոպական երկրներ: Պատժամիջոցները հաջորդ շաբաթ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է ձմռանը սառեցնել Ուկրաինան։ «Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և ցանկանում ենք ստիպել Մոսկվային վճարել»,- հավելել է ֆոն դեր Լայենը։

ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ՕՐԵՑՕՐ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է. ԶԵԼԵՆՍԿԻ

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամենակատաղի մարտերն ընթանում են Դոնեցկում, մասնավորապես՝ Բախմուտում: Բարդ է իրավիճակը նաև Լուգանսկում և Խարկովում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ էներգետիկ ոլորտը նույնպես իշխանությունների ուշադրության կենտրոնում է, էներգամատակարարումն օրեցօր բարելավվում է: Սակայն պլանային անջատումները շարունակվում են, քանի որ ներկայումս անհնար է ամբողջությամբ վերականգնել երկրի էներգետիկ համակարգը։

Politico-ին տված հարցազրույցում էլ, որը Զելենսկուն ճանաչել է Եվրոպայում ամենաազդեցիկ մարդը, Ուկրաինայի նախագահն ասել է՝ «Հավատում եմ, որ հաջորդ տարի ամենաազդեցիկը լինելու են ուկրաինացիները, բայց արդեն խաղաղության պայմաններում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում