«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը՝ ուղիղ 30 օրից. Մալենան և Նարեն ազդարարեցին հետհաշվարկը

ՎՎարդուհի Բալյան

Հետհաշվարկը սկսված է՝ «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» մասնակից 16 պատվիրակների ուղղությունը Երևանը կլինի: Մեկ ամսից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհյուրընկալի հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մենք բոլորս ականատես կլինենք Երևանում այս տարի կայացող ամենամասշտաբային միջոցառումներից մեկին՝ «Մանկական Եվրատեսիլին», որին նաև հետևելու են միլիոնավոր մարդիկ աշխարհով մեկ, և ես ուզում եմ ասել, որ քաղաքապետարանն այս տարի հատուկ տոնական նախապատրաստություններ է տեսնում և՛ «Եվրատեսիլի» կապակցությամբ, և՛ Նոր տարվա կապակցությամբ, և մենք որոշակի անակնկալներ ունենք քաղաքի համար:

Մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված հոլն ու ժամացույցը լուսավորվում են մրցույթի նախորդ տարվա հաղթողի՝ Մալենայի և հայաստանյան այս տարվա պատվիրակի՝ Նարեի ձեռքով: Հետհաշվարկն ազդարարում է տոնական միջոցառումների մեկնարկը մեր երկրում: Որպեսզի հրաշքը պտտվի, ու կախարդանքն իրականանա, ստեղծագործական խումբն աշխատում է արդեն մոտ մեկ տարի:

Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Կարծում եմ, որ Հայաստանի համար սա աննախադեպ կլինի իր մասշտաբներով թե՛ ներգրավված անձնակազմով, թե՛ տեխնիկական միջոցներով: Ամբողջական տեխնիկական մասը բերվել է դրսից վարձակալությամբ, և նաև մեծ բացման արարողություն ենք ունենալու հրապարակում: Նաև Երևան ենք հրավիրել վերջին 19 տարիների հաղթող մասնակիցներին:

Հայաստանի ներկայացուցիչը՝ Նարեն, ասում է՝ աշխատում է պրոֆեսիոնալ թիմի հետ և պատրաստ է այդ օրը լավ ելույթ ունենալ:

Նարե («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ) - Շատ ուրախ եմ, մի փոքր հուզված եմ, որովհետև հենց Հայաստանում Հայաստան եմ ներկայացնելու, բայց քաջ գիտակցում եմ իմ գործի կարևորությունը և պատրաստվում եմ անել առավելագույնը, որպեսզի Հայաստանը շատ լավ ներկայացնեմ:

Տարվա ամենասպասված իրադարձությանը լավ ներկայանալու համար Նարեին ոգևորում է նաև Մալենան:

Մալենա («Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող) - Քանի որ գիտեմ՝ ինչքան պատասխանատու գործ ա Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում», Նարեին շատ-շատ ինքնավստահություն եմ մաղթում, որ բեմին իրան շատ լավ զգա ու հաճույք ստանա իր ելույթից:

Առաջիկա օրերին կսկսվի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տոմսերի վաճառքը: Տոնական մթնոլորտը մեր համաքաղաքացիներին ու զբոսաշրջիկներին փոխանցելու համար մինչև դեկտեմբերի 11-ը կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, իսկ դեկտեմբերի 5-ին մրցույթի մասնակիցները կվառեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում