Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

ՄՄերի Ներսիսյան

Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ մտադրությունների վերաբերյալ շարունակվում է ապատեղեկատվություն տարածվել, այդ թվում՝ Մոսկվայի կողմից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, հավելել՝ Միացյալ Նահանգները երկու երկրների գործընկերն է տասնամյակներ շարունակ:

«Հարավային Կովկասի երեք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է, չկա: 1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը ճակատագրական իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը՝ անկախ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ համագործակցության միակ նպատակն այն է, որ վերջ տրվի բռնությանը, և երկու երկրները կանգնեն «ամուր և համապարփակ խաղաղության ճանապարհին»:

ԹԲԻԼԻՍԻՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ. ԿԼԱԱՐ

Թբիլիսին Երևանին և Բաքվին միավորելու մեծ ներուժ ունի, հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` ընդգծելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։

«Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ազդում է Վրաստանի վրա: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկան խաղաղ բանակցություններ, շփման պատրաստակամություն և ազատ առևտուր, անդրադառնում է նաև Վրաստանի վրա։ Այս հակամարտության պատճառով երեք երկրներն էլ, այդ թվում և Վրաստանը, կորցնում են տնտեսական հնարավորությունները»,- հայտարարել է Կլաարը՝ հավելելով, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում:

ՌԴ-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻՆ

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին, հայտարարել են երկրի պաշտպանության նախարարությունից: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ուկրաինական կողմն «ահաբեկչական հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա», որոնք գտնվում էին Սևաստոպոլի տեղակայման կետերում: Նշվում է, որ հարձակմանը ներգրավված են եղել ինը անօդաչու թռչող սարք և յոթ ծովային հեռակառավարվող սարք: Ըստ ռուսական կողմի՝ հարձակման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են եղել բրիտանացի մասնագետներ:

ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել: Գերությունից ազատվել է Ուկրաինայի 52 քաղաքացի, հիմնականում՝ զինվորականներ, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Կիևը Մոսկվային է փոխանցել 50 զինծառայողի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում