ԱԺ-ն քննարկել է 22.6 մլն եվրոյի արտոնյալ վարկի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

ԱԱնուշ Մուրադյան

ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ԵՐԴՄԱՄԲ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ

ԿԸՀ նախագահ ընտրված Վահագն Հովակիմյանի փոխարեն ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ Դավիթ Առուշանյանը: Նիստի սկզբում նա երդմամբ ստանձնեց պաշտոնը, նաև շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին, Առուշանյանը 2018-ից Գյումրիի փոխքաղաքապետն էր:

Դավիթ Առուշանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր- Սիրելի գյումրեցիներ, ուզում եմ այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վստահության և գնահատականի համար՝ իմ կառավարման ժամանակահատվածի, վստահեցում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել, փոխել եմ աշխատանքիս վայրը, նպատակները մնացել են նույնը, ես և իմ գործընկերներն ամեն ինչ անելու ենք մեր կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար:

Պատգամավորը ոչ միայն պետք է երդվի, այլև երդման տեքստի տակ պետք է իր ստորագրությունը դնի. նախագծի հեղինակը ՔՊ անդամներն են, զեկուցող Ալխաս Ղազարյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Ալխաս Ղազարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր- Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ:

ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԽԱԽՏՈՂՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

Կառավարությունն էլ առաջարկում է խստացնել կարգավորումներն ու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողներին վարչական պատասխանատվության ենթարկել, եթե նրանք խախտեն նվերներ ընդունելու սահմանափակումները:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից ու կոռուպցիայի դեմ պայքարում ի հայտ եկած պրակտիկ խնդիրների լուծումներից։ Սահմանափակումները, Սարգսյանի տեղեկացմամբ, կտարածվեն նաև այդ անձանց ընտանիքի անմիջական անդամների վրա՝ ամուսին, կին, մայր, հայր, զավակ, քույր, եղբայր:

Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ- Սա չի վերաբերում ամենևին բոլոր նվերներին, որ մենք բոլորս կարող ենք ստանալ մեր ընթացիկ կյանքի շրջանակում, սա բացառապես վերաբերում է այն նվերներին, որ ստանում ենք զբաղեցրած պաշտոնի հիմքով: Նվերները հաշվառելու ու հանձնելու հոդվածի մեջ նախատեսվում է, որ 40 հազար ՀՀ դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում ստացման պարբերական՝ 5 և ավելի դեպքերի:

Սահմանված արժեքը գերազանցող նվերները պետք է հաշվառվեն, ռեեստրը կգործի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում՝ տեղեկացրեց փոխնախարարը:

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԽԱԽՈՏԸ ՀԱՐԿԵԼ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ

Ֆինանսների նախարարությունից եկած նախագծով էլ առաջարկում են ակցիզային հարկով հարկել նաև էլեկտրոնային ծխախոտը:

Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների փոխնախարար)- Փորձագիտական գնահատումներով՝ այն նույնպես վնասակար է առողջությանը, նաև մոտիկ փոխարինիչ է ծխախոտի արտադրանքին: Եթե ծխախոտի մի տեսակը հարկվում է ակցիզային հարկով, մյուսը՝ ոչ, այստեղ առաջանում են պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստներ ունենալու ռիսկեր, նաև՝ անհավասար իրադրություն:

Նախագծով, փոխարենը, ակցիզային հարկը կնվազի սիդրի համար՝ 270 դրամի փոխարեն 150՝ ինչպես պտղային և հատապտղային գինիների դեպքում է:

Պատգամավորները քննարկեցին նաև «Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքում» նախատեսվող փոփոխությունները: Վարչարարությունը խստացվել է, նշեց ոլորտի փոխնախարարը, ասաց` իրավիճակը մտահոգիչ է, օդում առկա վնասակար նյութերի բոլոր ցուցիչներով ունենք վատթարացում:

Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ- Սրանք էական բարդություններ են առաջացնում ինչպես բնապահպանական օրակարգում, այնպես էլ ներդրումային միջավայրում, քանի որ այսօր ներդրումները, ըստ էության, իրականացվում են մաքուր էկոհամակարգերում, որոնց մեծ մասն ուղղված է Երևանին, սակայն Երևան քաղաքը գտնվում է աղետալի վիճակում:

22.6 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՈՒՂՂՎԻ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

Մեկ այլ նախագծով էլ կբարձրանա տուգանքի չափը ճանապարհներին առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար. 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ վարչական պատասխանատվություն կկիրառվի: Օրենսդիրը քննարկեց նաև Համաշխարհային բանկից 22,6 միլիոն եվրո վարկ ստանալու համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Առաջիկա երեք տարիներին արտոնյալ վարկով կշարունակվեն կրթության բարեփոխումները: Ծրագրերով 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի և կվերակառուցվի, կհամալրվի անհրաժեշտ գույքով՝ նշեց փոխնախարարը։ 200 կրթական հաստատությունում նոր լաբորատորիաներ կհիմնվեն, ևս 80 նախակրթարանի հարց կլուծվի:

Արթուր Մարտիրոսյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ- Նախակրթարանի ստեղծման ծախսախնայող և կարճաժամկետ մոդելը նախատեսում է նախակրթարանի տարածքի վերանորոգում, անհրաժեշտ գույքի, սարքավորումների, ուսումնական և ուսուցողական նյութերի ձեռքբերում, նախակրթարանում ընդգրկվող դաստիարակի վերապատրաստում: Ստեղծված նախակրթարանները հարմարեցվում են նաև ներառական կրթության պահանջներին:

Վարկային միջոցների մի մասն էլ կուղղվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացմանը, նաև բուհերի կրթական որակի բարելավմանը: Օրենսդիրը սպառեց նիստի օրակարգը, ընդդիմությունը նիստին թեև ներկա չէր, սակայն դահլիճ եկավ հայտարարությունների ժամին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում