Երևանում է Ռուսաստանի 250 ներկայացուցիչ. մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը

ՄՄարո Թարվերդյան

«Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ». Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը: Դրան մասնակցելու համար Հայաստան է ժամանել ռուսական պետական և մասնավոր հատվածի մոտ 250 ներկայացուցիչ: Քննարկումների առանցքում տարածաշրջանների լոգիստիկ և ներդրումային ներուժի զարգացման, թվայնացման, զբոսաշրջային, ինչպես նաև հումանիտար ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև գործակցության հարցերն են:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԴ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՑ Է. ՕՎԵՐՉՈՒԿ

Քննարկումների առանցքում տարածաշրջանների լոգիստիկ և ներդրումային ներուժի զարգացման, թվայնացման, զբոսաշրջային, ինչպես նաև հումանիտար ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև գործակցության հարցերն են: Համաժողովի լիագումար նիստին հաջորդել են թեմատիկ քննարկումները։

Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ փոխվարչապետ) - Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում շատ դժվար էր նման միջոցառում կազմակերպել, և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի իշխանություններին, որ այն չհետաձգվեց, և դա խոսում է այն մասին, թե որքան կարևոր են մեր երկու երկրների միջև հարաբերությունները:

Նախքան համաժողովի աշխատանքների մեկնարկը Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել էր, որ ժամանել են Հայաստան ներկայացուցչական պատվիրակությամբ, որպեսզի ընդգծեն Հայաստանի հետ պատմական մտերմությունը և ժողովուրդների ու տնտեսությունների միջև կապերը զարգացնելու, ամրապնդելու ձգտումը։ Ըստ Օվերչուկի՝ խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։

Ալեքսեյ Օվերչուկ - Իր աշխարհագրական դիրքով Հայաստանը մշտապես եղել է առևտրատնտեսական կապերի խաչմերուկ եվրասիական շատ երկրների համար: Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ամենակարևոր ռազմավարական դաշնակիցներից է: Մենք ստորագրել ենք տարբեր ոլորտներում գործակցության մոտ 200 միջպետական պայմանագիր: Մենք կարողանում ենք ոչ միայն պահպանել մակրոտնտեսական ցուցանիշները, նաև զարգացնել դրանք:


ՀՀ-ՌԴ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԳՐԵԹԵ 50 ՏՈԿՈՍՈՎ

2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 50 տոկոսով կամ ավելի քան 1.6 միլիարդ դոլարով՝ նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արտահանումն աճել է 48, ներկրումը՝ 51 տոկոսով:

Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք ողջունում ենք ռուսական տնտեսական և գործարար կապերի աշխուժացումը Հայաստանում: Վերջին տարիներին երկու երկրների գործակցության արդյունքում գրանցվել է զգալի առաջընթաց գրեթե բոլոր ոլորտներում: Հատկանշական է ատոմային էներգետիկայի ոլորտում, մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և նոր ատոմակայանի կառուցման համատեղ գործակցությունը: Կարևոր է նաև լոգիստիկ և տրանսպորտային կապերի աշխուժացումը, երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացումը:


ՀԱՄԱԺՈՂՈՎԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՄՂՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը չհետաձգվեց՝ հաշվի առնելով դրա կարևորությունը հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում շեշտում է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված գործակցության ամբողջ ներուժից օգտվելու պարագայում մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին։ Կարող ենք արձանագրել, որ այսօրվա համաժողովը ևս մեկ քայլ է հայ-ռուսական ապակենտրոնացված գործակցության առաջմղման գործում, որը ձևավորվել և զարգանում է երկու երկրների տարածաշրջանների հաստատակամության և նախաձեռնողականության շնորհիվ:


ՌԴ-Ն ԵՎ ՀՀ-Ն ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՓՈՐՁ ԵՆ ԿՈՒՏԱԿԵԼ. ՊՈՒՏԻՆ

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել նաև ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ երկու երկրները գործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով, և երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն գործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։ Համոզված եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կնպաստեն հայ-ռուսական գործընկերության հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:

Համաժողովի լիագումար նիստում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը։

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում