ԻԻՀ-ՀՀ սահմանը պատմական հաղորդակցության ուղի է և պետք է մնա անփոփոխ. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն - Իրանի համար կարևոր է երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և այն, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է և պետք է մնա առանց փոփոխության:

Հայաստանում Իրանի դեսպանատան դիրքորոշումն է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա սկսած հարձակմանը: «Լուրերի» հարցմանն ի պատասխան դեսպանությունից նշում են՝ Իրանը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ դիրքորոշումը արտահայտել է հստակ և տարբեր մակարդակներում՝ ընդգծելով հայ-իրանական սահմանի կարևորությունը Թեհրանի համար:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն - Ինչպես հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումների արդյունքում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող՝ պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:

ԻԻՀ նախագահի և ՀՀ մեծարգո վարչապետի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր այս սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է:

Թեհրանի կարմիր գծերի մասին նաև իրանական մամուլի վերլուծական հրապարակումներում է շեշտվում:

Ժաննա Վարդանյան (իրանագետ) - Իրանին ձեռնտու չէ՝ իր հյուսիսում լինի թուրքական ներկայությունը, լինի դա Ադրբեջանի տեսքով: Դա ամենաանհանգստացնողն է՝ պրոադրբեջանական առանցքի ձևավորումը, որը վտանգ է իր հյուսիսարևմտյան շրջանի համար:

Բացի այդ, Հայաստանը Իրանի համար դեպի Եվրոպա այլընտրանքային երթուղի է, իսկ եթե չի լինում, էլի կախվածության մեջ է լինում Թուրքիայից: Մյուս կողմից՝ դեպի Եվրոպա Ռուսաստանի միջոցով ունի՝ Կասպից ծովով, բայց այստեղ սահմանափակումներ կան հիմա:

Վերջին օրերին տարածվող տեսանյութերի և տեղեկությունների մասին, որ Իրան-Հայաստան սահմանին տեղակայվել են Իրանի զինված ուժերի զրահատանկային և հետևակային ստորաբաժանումներ, իրանագետը նշում է՝ տեսանյութերը հին են, բայց դա չի նշանակում, որ տեխնիկա և զորք Իրանը սահմանին չունի:

Դեռ 44-օրյա պատերազմի օրերին է Իրանը զինտեխնիկա կուտակել իր սահմանին, մի մասն ամեն դեպքում մնացել է տեղում: Այն, որ Իրանը զորքը կբերի բարձր պատրաստվածության, դա էլ է նորմալ ու չպետք է արտառոց երևույթի վերաբերվել, հետագա գործողությունները ցույց կտան իրադարձությունների զարգացումները:

Վարդանյանը նաև նշում է՝ այս օրերին ակտիվ են Իրանի ազգայնական շրջանակները: Անգամ խոսում են հայկական կողմին զորքով և զինտեխնիկայով աջակցելու մասին:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում