Մալաթիա-Սեբաստիայի և Աջափնյակի որոշ շրջաններում նոր ջրագիծ է անցկացվում

ՀՀովհաննես Վարդանյան

Խմելու ջրի օրեցօր ավելացող պահանջարկի հետ մայրաքաղաքում նոր խնդիրներ են առաջանում: Բազմաթիվ թաղամասերում ջրագծերը քայքայվել, շարքից դուրս են եկել, և դա է հիմնական պատճառը, որ ջրի կորուստներն օր օրի ավելանում են: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասում «Վեոլիա ջուրը» զրոյից նոր ջրագիծ է կառուցում:

Գագիկ Այվազյան («Վեոլիա ջուր» ընկերության շինարարական աշխատանքների համակարգման բաժնի պետ) - Էս ծրագրով մոտ 6000 մետր նոր՝ 40-ից մինչև 100 մմ տրամաչափով խողովակաշարեր կփոխվեն, ինչպես նաև մոտ 470 բաժանորդների համար կկառուցվի 5000 մետր ընդհանուր երկարությամբ մուտքագծեր իրենց ջրաչափական հորերով և նոր ջրաչափերով: 

Ըստ պայմանագրի՝ այս թաղամասում ընկերությունը պետք է ապահովի 17-ժամյա ջրամատակարարում: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ցանցի փոփոխությունից հետո տնտեսված ջրի շնորհիվ շուտով թաղամասի բնակիչներն 24 ժամ ջուր կունենան:

Գագիկ Այվազյան - Կար նաև ջրագողություն, իհարկե, շատ ակտիվ կային նաև ջրային միացումներ: Էս աշխատանքների ավարտին ամենակարևորը՝ վթարները կտրուկ կվերանան, հոսակորուստները կվերանան: Շատ կարևոր ա, որ մոտավորապես նախնական հաշվարկներով մենք շինարարության ավարտին կտնտեսենք 20 լիտր վայրկյան ջուր»: 

«Վեոլիան» մայիսից հուլիս ավելի քան 2200 բաժանորդի մոտ ջրի գողության դեպք է արձանագրել, կախված խողովակի տրամագծից և ջրամատակարարման տևողությունից նրանց տուգանել է 40-200.000 դրամով: Նախնական հաշվարկով վերականգնվել է մոտ 1 մլն խորանարդ մետր ջուր: Ընկերությունը կարծում է՝ այդ թիվն իրականում ավելի մեծ է:

Մհեր Ալեքսանյան (Շինարարական ընկերության աշխղեկ) - Դուք եք տեսնում, լիքը գծեր կան, 500 մետր մարդ կա գիծ ունի տարած: Վերջնարդյունքում կլինի, որ ոչ մեկը չի ունենա առանց ջրաչափի գծեր, ամբողջությամբ կլինի վերահսկողության տակ: 

Աջափնյակի Անաստասավան թաղամասում էլ շինարարական աղմուկ է:

Մասնագետներն աշխատում են բարդ տեղանքում, հիմնովին փոխում ջրագծի ցանցը: Այստեղ էլ կորուստներ, ջրագողություններ կան: Ամսվա կեսը ծախսում են ժանգոտված ցանցը փոխելու վրա:

Գագիկ Այվազյան - Հին քայքայված ցանցը կխցափակվի և բոլոր ապօրինի միացումները ավտոմատ վերանում են: Մենք էստեղ ունեինք 6 վրկ ջրի կորուստ, էս աշխատանքների ավարտին ներառյալ նաև Մարգարյան փողոցը կկարողանանք ապահովել 24-ժամյա ջրամատակարարում, հիմա իրենք 17-ժամյայի տակ են: 

Կապալառու ընկերության շինարարներն անում են հնարավորը, որ Բարսեղով, Կարապետյան, Ռուստամյան և Բաշինջաղյան փողոցներում ջրագծերի վերակառուցումն ավարտեն մինչև սեպտեմբերի 30-ը:

Արայիկ Ղարախանյան (շինարարական ընկերության աշխղեկ) - Աշխատանքների շատ մասն էլ ձեռքով ա կատարվում, ասենք՝ էքսկավատորը պարապ կանգնում, սպասում է՝ ձեռով քանդեն, որ կոմունիկացիաները չվնասենք, չջարդենք, ժողովրդի հետ խնդիր չառաջանա: 

Թե Աջափնյակում, ցանցի փոփոխությունից հետո որքան ջուր կտնտեսվի, ցույց կտա ժամանակը: «Վեոլիան» նպատակ ունի աստիճանաբար բացահայտել ջրի գողության դեպքերը, որ խմելու ջուրը հասցնեն վերջին հարկի կամ փողոցի վերջին բաժանորդին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում