Էրդողան-Ասադ ուղիղ շփումներ չեն նախատեսվում. Չավուշօղլու

ՄՄերի Ներսիսյան

ԿԱՆԱԴԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏՈՐՈՆՏՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն: «Շատ հաճելի է կանադահայերին հանդիպել այստեղ՝ Սկարբորոյում։ Մենք քննարկել ենք Կանադայի և Հայաստանի միջև սերտ կապերը, մեր աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, և այն, թե ինչպես կառուցել ավելի ուժեղ համայնք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։ Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի հայ ազգային կոմիտեին՝ հանդիպումը կազմակերպելու համար։

ՏՐԱՄԱԴՐՈՒ՞Մ Է ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԸ ԱԹՍ-ՆԵՐ ՌԴ-ԻՆ. ԻՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԱՄՆ-ԻՑ

ԱՄՆ-ն ակտիվորեն կկիրառի Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մեխանիզմները, եթե Թեհրանը Մոսկվային անօդաչու թռչող սարքեր մատակարարի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարություններն այն մասին, որ Իրանը, Վաշինգտոնի տվյալներով, նախատեսում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ զենք կրելու ունակ: Այս հայտարարությունը Մոսկվան ու Թեհրանը հերքել էին։

«Մեր գնահատմամբ՝ ռուսական պաշտոնական պատվիրակությունը վերջերս ստացել է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքի ցուցադրական նմուշ, որը կարող է կիրառվել հարվածային տարբերակով։ Մենք կարող ենք հաստատել, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուս մասնագետները պատրաստություն են անցել Իրանում անօդաչու թռչող սարքերի փոխանցման համաձայնագրի շրջանակներում»,- ասել է Պատելը։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ

Ուկրաինան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը խնդրել է ապահովել ամերիկյան HIMARS բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի զինամթերքի մատակարարում, ինչպես նաև հաուբիցների նոր տեսակներ՝ հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը:

Օքսանա Մարկարովայի խոսքով՝ HIMARS-ի մատակարարումները կարևոր նշանակություն են ունեցել մարտերի ընթացքի վրա: «Թեև Ուկրաինան արդեն ստացել է բազմաթիվ նման համակարգեր, երկրին անհրաժեշտ է ավելի շատ հեռահար հարվածային սպառազինություն»,- ասել է դեսպանը:

ԷՐԴՈՂԱՆ-ԱՍԱԴ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ

Թուրքիայի և Սիրիայի նախագահների ուղիղ բանակցություններ նախատեսված չեն՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ այս փուլում Սիրիայի հետ անմիջական շփումների մասին խոսք լինել չի կարող: «Բանակցությունները սկսվել են հատուկ ծառայությունների միջոցով»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Էրդողան-Ասադ հավանական հեռախոսազրույցի մասին հարցին:

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բանակցություններից հետո քննարկվում է Թուրքիայի և Սիրիայի նախագահների հեռախոսազրույցների հնարավորությունը։ Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ Բելգրադում հանդիպել է Սիրիայի արտգործնախարարի հետ։ «Ես նշեցի, որ երկիրը պետք է մաքրել ահաբեկիչներից և ապահովել խաղաղություն Սիրիայի ընդդիմության և Ասադի ռեժիմի միջև։ Մենք այլ շփումներ չենք ունեցել»,- ասել է Չավուշօղլուն։

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ Է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկօրյա այցով Հարավային Կորեայում է։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ-յոլի հետ հանդիպմանը նա վերահաստատել է ՄԱԿ-ի հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։ Ճաշի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, կարծիքներ փոխանակել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրի, ինչպես նաև կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների հարցերի շուրջ: Գուտերիշը հանդիպել է նաև Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի հետ և աջակցություն հայտնել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում