Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի նոր հրատարակությունը՝ գրքի ոդիսականի մասին ծանոթագրություններով

ՀՀովհաննես Վարդանյան

Եվ այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ: Սովորական մարդկանց մասին, բայց ոչ սովորական ձեռագրով է գրված Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, որը 6 հրատարակություն է ունեցել, 4-ը՝ հեղինակի կենդանության, երկուսը՝ մահից հետո: Մեծ գրողի այս վեպը հաճախ համեմատել են Գոգոլի «Մեռած հոգիների» հետ:

Տիգրան Մանսուրյան (կոմպոզիտոր) - Գիրքը ամբողջությամբ մեր ապրած իրականությունն է՝ թե՛ հարյուրամյակների, թե՛ այսօրվա: Սա գրականությունից շատ ավելին է. այդքան մերձեցում գրականության և ապրվող իրականության, այդպիսի երևույթ անհնար է երկրորդը հայ գրականության մեջ ճանաչել: 

«Երկիր Նաիրին» Չարենցի խմբագրմամբ հրատարակվել է 1932 թվականին: Հետագայում հրատարակիչները վեպը գրաքննել ու կրճատել են: Խմբագիրը այս նոր հրատարակության վրա աշխատել է շուրջ 7 տարի: Թագուհի Ղազարյանը ծանոթագրություններում է մանրամասն ներկայացրել, թե 9 տասնամյակի ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել վեպը:

Թագուհի Ղազարյան («Երկիր Նաիրի» գրքի խմբագիր, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր- Ընթերցողներն իրենք կարող են վերլուծել, իրենք կարող են մտածել, եզրահանգել, թե ինչու, օրինակ, Չարենցն առաջին հրատարակությունից դեպի երկրորդ այս բառը փոխեց, այս նախադասությունը, այս անվանումը, և ինչու, օրինակ, սովետական շրջանում 55-ին, 66-ին խմբագիրները որոշեցին փոխել կոնտեքստը, բառերը, նախադասությունները, հանել կտորներ, ներմուծել նախադասություններ: 

«Վերնատուն» հրատարակչությունը ավելի վաղ ընթերցողի սեղանին էր դրել Չարենցի ևս երկու գիրք՝ «Երևանի ուղղիչ տնից» ինքնակենսագրականն ու «Լուսամփոփի պես աղջիկ» ժողովածուն: Ոչ սովորական շապիկով այս գրքերը նվեր են ընթերցողին Չարենցի 125-ամյակի առթիվ:

Արմեն Սարգսյան («Վերնատուն» հրատարակչության գլխավոր խմբագիր) - Չարենցը անժամանցելի արժեք է, և միշտ է ակտուալ լինելու Չարենց հրատարակել, որովհետև այսօր կարդում ես Չարենցի տեքստերը, ասես գրված լինեն այսօրվա մասին, ասես գրված լինեն այսօրվա լեզվով»:

Կրթության փոխնախարարն ասում է՝ «Երկիր Նաիրիի» այս տարբերակը պետք է ընթերցել բաց վերքի ֆոնին, ասել է թե՝ պատերազմից հետո, երբ գոյաբանական ընտրության խնդիր կա, իսկ Չարենցն այս ստեղծագործությամբ տալիս է այդ ընտրությունը:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Հոբելյանական տարին կլիներ թերի, եթե սեղանին չդրվեր ահա այս աշխատությունը: Այն աշխատությունը, որը տեսել և մտածել է Չարենցը, որովհետև ամենամնայուն բանն ի վերջո գիրքն է, գրականությունն է: 

«Երկիր Նաիրիի» այս հրատարակությունը 500 տպաքանակ ունի: Արմեն Սարգսյանը հույս ունի, որ նախորդ երկու գրքի պես այս մեկն էլ կդառնա սեղանի գիրք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում