Զելենսկին ամփոփել է Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ռումինիայի ղեկավարների հետ հանդիպումը

ՄՄերի Ներսիսյան

ԿԻԵՎԸ ԶԳԱՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉՈՐՍ ՀԶՈՐ ԵՐԿՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ

Երեկ Կիևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպման արդյունքները ժողովրդին ուղղված ավանդական դարձած ուղերձում ամփոփել է Ուկրաինայի նախագահը: «Ուկրաինան զգաց եվրոպական չորս հզոր երկրների աջակցությունը»՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին ու մանրամասնել, որ ԵՄ ղեկավարները համաձայն են այն դիրքորոշմանը, որ պատերազմի ավարտը և խաղաղությունը Ուկրաինայի համար պետք է լինի միայն այնպես, ինչպես Ուկրաինան է ցանկանում տեսնել: Տպավորությունը հանդիպումից Զելենսկին դրական է գնահատել, նաև տեղեկացրել, որ ԵՄ առաջնորդների հետ քննարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մշակման մանրամասները:

ԲԵՌԼԻՆԸ ԿԻԵՎԻ ԿՈՂՔԻՆ Է. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ

Բեռլինը Կիևի կողքին է՝ օգնելու պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում: Խոսելով ԵՄ-ին Ուկրիանայի միանալու հարցից՝ Շոլցն ընդգծել է, որ գործընթացը կարող է շատ երկար տևել, իսկ այդ ճանապարհը հեշտ չէ, բայց դրականն այն է, որ Ուկրաինայի համար Եվրոպա տանող ճանապարհնն արդեն նշմարվում է: Խոսելով ռազմական գործողությությունների ընթացքի մասին՝ Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ պետք է անել ամեն բան՝ կանխելու լարվածությունը, և որ այն չդառնա հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Շոլցը հարցազրույցի ընթացքում չի անդրադարձել, թե Գերմանիան առաջիկայում ռազմական ինչ աջակցություն է պատրաստվում տրամադրել Կիևին:

ՖՐԱՆՍԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՏԵՍՆԵԼ ՈՐՊԵՍ ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Առաջնորդների հանդիպումից հետո հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է Եվամիությանը Ուկրաինայի անդամակցության թեմային: Մակրոնը նույնպես ընդգծել է, որ այդ ճանապարհը բարդ է ու շատ երկար: «Ֆրանսիան ցանկանում է տեսնել Ուկրաինային որպես ԵՄ գործընկեր. սա Ուկրաինայի համար հույսի ազդանշան է, բայց գործընթացը շատ երկար ժամանակ է պահանջելու»,- նշել է Ֆրանսիայի առաջնորդը: Այսօր Եվրահանձնաժողովը վերջնական քննարկում կանցկացնի և իր դիրքորոշումը կհայտնի Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ: Հարցն այնուհետև կքննարկվի հունիսի 23-24-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում։

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ՀԱՄԱՐ. ԲԱՅԴԵՆ

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելը լավագույն ընտրությունն էր Միացյալ Նահանգների համար. չարձագանքել Ուկրաինայի իրադրությանը հնարավոր չԷր՝ հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Associated Press գործակալության հրապարակած հարցազրույցում: Բայդենի խոսքով՝ պատժամիջոցներն ԱՄՆ լավագույն շահի համար են ընտրվել: «Ի՞նչ տեղի կունենար, եթե ՆԱՏՕ-ում գլխավոր ուժը, կազմակերպական կառույցը պարզապես մի կողմ քաշվեր Ռուսաստանի ագրեսիայից»,- նշել է Սպիտակ տան առաջնորդը՝ հավելելով, որ ՌԴ-ի դեմ տնտեսական սահմանափակումների որոշում Է ընդունել ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես գլխավոր հրամանատար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում