Պարարտանյութի պահանջարկի 70 տոկոսը բավարարվել է. ամենաշատ հայտերը եղել են Արմավիրից, քիչը՝ Տավուշից

ՎՎահե Կոստանդյան

Գարնան սկզբին պարարտանյութի պակասի հետ կապված մտահոգություններն այնքան էլ արդարացված չէին: Գնի բարձրացում գյուղատնտեսներն ակնկալում էին, միջազգային բորսաներում ևս պարարտանյութը թանկանում էր: Մեկ պարկ ազոտական պարարտանյութի գինը ինը հազար դրամով սուբսիդավորելու Կառավարության որոշումը նպաստեց, որ երկրում պարարտանյութի դեֆիցիտ չլինի:

Տարոն Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Շուրջ 17 հազար տոննա արդեն իսկ բաժանվել է տնտեսվարողներին և ըստ մատակարարների հետ աշխատանքային քննարկումների՝ առաջիկա օրերին ևս 4 հազար 500 տոննա կներկրվի հանրապետություն և կբաժանվի տնտեսվարողներին:

Գրեթե նույնքան էլ անցած տարվա պահանջարկն էր՝ ասում է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետը և հավելում՝ թեև Վերին Լարսում դեռ մի քանի մեքենա սպասում է անցակետն անցնելու իր հերթին, սակայն այս պահին պարարտանյութի պակաս երկրում չկա: Որպեսզի մատչելի գներով պարարտանյութի ծրագրից շատերն օգտվեն՝ Կառավարությունն իր որոշման դրույթները փոփոխեց: Սահմանված նախկին չափորոշիչներով մինչև երեք հեկտար ունեցող տնտեսվարողներին էր հասանելի ծրագիրը: Հաշվի առնելով Հայաստանում հողերի փոքր կտորներով մասնատվածությունը՝ մատակարարները հրաժարվում էին պարկերը բացել և պարարտանյութը վաճառել կիլոգրամներով: Կառավարության որոշման փոփոխման արդյունքում այժմ պարարտանյութ են ստանում նաև մինչև հազար քառակուսի մետր հողօգտագործողները:

Տարոն Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Դրույթը ներառելով, մասնավորապես, մինչև 1000 քառակուսին և 1000-ը գերազանցելու դեպքում, 1000-ի հաշվարկով տրամադրվում է 50 կիլոգրամ: Ներկա պահին պետական օժանդակությունը կազմում է 1,2 միլիարդ: Գործընթացը, ճիշտն ասած, շարունակվում է, առաջիկա օրերին ևս մեկ միլիարդ կտրամադրվի:

Երկրում բացի ազոտական պարարտանյութից՝ ևս 1600 տոննա էլ կալիումական ու ֆոսֆորական պարարտանյութի պահանջարկ կա:

Տարոն Մարտիրոսյան - Ներկա պահին միայն մեկ մատակարար ունենք, որը ցանկանում է կալիումական պարարտանյութ ներկրել և մինչև 15-ը կներկրի որոշակի քանակներ:

Ընդհանուր առմամբ՝ համայնքներից ստացված պարարտանյութի հայտերի 70 տոկոսը բավարարել են: Ազոտական պարարտանյութի ամենամեծ պահանջարկը Արմավիրից է եղել. փաստացի գրավոր հայտերով տրամադրվել է 4500 տոննա: Ամենաքիչ հայտերը ստացել են Տավուշից՝ 170 տոննա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում