Շինարարական ծրագրերը խիստ վերահսկվում են. ինչ թերություններ է արձանագրել Քաղաքաշինության կոմիտեն

ՄՄայա Խաչատրյան

Վայրկյանների ընթացքում լաբորատոր փորձարկումը ցույց է տալիս շինարարության մեջ օգտագործվող տեղական արտադրության ամրանի որակը: Ֆիքսվեց՝ ուժը, դիմադրությունը տեղն են, համապատասխան՝ նախագծի պահանջին:

Արայիկ Ստեփանյան (ինժեներ-լաբորանտ) - 20 մմ տրամագծով, ուժը ֆիքսեցինք, բաժանեցինք մակերեսի, ստացանք խզման ուժը, հոսունությունը: Ա -500 դասին ա պատկանում, որակյալ արմատորա ա:

Փորձանմուշները վերցրել են Երևանի Արա Սարգսյան հասցեում վերակառուցվող Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքից՝ շինարարության որակի ստուգման նպատակով: Դատարանի շինարարական ծրագրի արժեքը 500 միլիոն դրամ է, ներառում է նաև տեխնիկական հսկողության ծառայության ծախսը:

Արսեն Միրզոյան (ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Այս հատվածում բետոնների փորձարկման արդյունքում, որոնք նմուշառվել էին բետոնացման աշխատանքների ժամանակ, 7 և 28 օրական հասակում բետոնները չէին ցույց տվել պահանջվող ցուցանիշները:

Այսինքն՝ նախագծով նախատեսված ամրության մեծությունը: Կրկնակի ստուգման համար երկաթբետոնե ծածկի սալի վրա ևս մեկ անգամ հորատում է իրականացվել՝ տեխնիկական հսկիչի, կապալառուի և պատվիրատուի մասնակցությամբ: Հանվել են բետոնի հորատման 100 մմ տրամագծով զույգ նմուշներ, ուղարկվել փորձարկման:

Արթուր Ալավերդյան (փորձարկման լաբորատորիայի վարիչ) - Նախագծային ամրությունից ունի շեղում, կոնստրուկտորը պիտի որոշի՝ ինչ լուծում տա:

Նախկին փորձարկման ցուցանիշներից աճ է գրանցվել, բայց դեռևս նախագծային պահանջին համապատասխան չէ. արդյունքները կփոխանցվեն նախագծող ընկերությանը՝ ուսումնասիրելու փորձարկման արդյունքը, հանգելու եզրակացության՝ արդյոք ծածկի սալը ենթակա՞ է քանդման, թե՞ անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը:

Արսեն Միրզոյան - Դա կարող է վրայից կրկնակի բետոնացում նախատեսվի, սյուների կտրվածքների մեծացում, կամ հաշվարկի արդյունքում գուցե ցույց տա, որ տվյալ պարամետրը կարող է բավարարել ամրությունը:

Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է պետական ֆինանսավորմամբ՝ մոտ 100 օբյեկտի շինարարական ծրագրեր, 40-ին մոտ նախագծման աշխատանք: Շինարարությունն իրականացվում է տեխնիկական խիստ հսկողությամբ: Միրզոյանի խոսքով՝ դրան նպաստել են գնման ընթացակարգում էական փոփոխություններն ու սկզբունքային վերանայումները:

Արսեն Միրզոյան - Նախկինում լաբորատոր փորձարկման գործընթացը պահանջվում էր շինարարական ընկերությունից, ինչը օբյեկտիվ պատկեր ցույց չէր տալիս, անհասկանալի էին՝ փորձանմուշներն ով էր վերցնում, երբ էին վերցնում, ընդհանրապես վերցնում էին թե չէ: Մենք ամբողջ լաբորատոր փորձարկման գործընթացը միավորել ենք տեխնիկական հսկողության գործընթացի հետ:

Գնման շրջանակում ձեռք է բերվում տեխհսկողության ծառայություն, որը պարտավորվում է իր գնառաջարկի սահմանում իրականացնել օբյեկտի լաբորատոր փորձարկումը:

Ալեքսանդր Վարդանյան (տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրեն) - Կառուցվող շուրջ 50 օբյեկտ ունենք, որ պայմանագրային աշխատում ենք: 4 տեխհսկիչ է աշխատում՝ շինարարական, էլեկտրիկը, ջեռուցման և ջուր-կոյուղի. 4 հսկիչ ամեն օբյեկտի վրա:

Հանրապետությունում լայնածավալ դպրոցաշինության, մանկապարտեզների կառուցման ծրագրերը, ըստ Արսեն Միրզոյանի, իրականացվում են որակի խստացված հսկողությամբ: Թերություններ են արձանագրվել Գեղարքունքի Շատջրեք համայնքում տիպային դպրոցի կառուցման ժամանակ: Թերությունները շտկելու համար ստեղծվել է հանձնաժողով:

Արսեն Միրզոյան - Հաշվարկներից հետո առաջնայնորեն նպատակահարմար է համարվել ապամոնտաժել ծածկը, արդյունքը ներկայացվել է կապալառուին: Ներկա պահին իր միջոցներով նախաձեռնել է կրկնակի լաբորատոր փորձարկում, եթե համընկնեն, ծածկի սալը կապամոնտաժվի:

Համանման խնդիրներ են առաջացել նաև Սյունիքի Շուռնուխ գյուղում բնակելի տներից մեկի շինարարության ընթացքում: Ծածկի բետոնե սալի ամրությունը չի համապատասխանել նախագծային հզորությանը: Այն քանդվել է, այս պահին ընթացքում են ամրացման աշխատանքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում