Կիևն արձագանքել է ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ Խերսոնի վարչակազմի հայտարարությանը

ՄՄերի Ներսիսյան

ԽԵՐՍՈՆԻ ԵՐԿՐԱՄԱՍԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ ՌԴ-ԻՆ

Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները դիմելու են Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով՝ հայտարարել է տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալը:

Կիրիլ Ստրեմուսովի խոսքով` Խերսոն քաղաքը Ռուսաստան է. «Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն չի ստեղծվի, հանրաքվեներ չեն լինի: Մինչև տարեվերջ տարածաշրջանն ամբողջությամբ կանցնի ռուսական օրենսդրության»,- նշել է պաշտոնյան ու հավելել նաև, որ մինչև մայիսի վերջ տարածաշրջանում կգործի բանկ՝ ռուբլու շրջանառությունն ապահովելու համար, որը հետագայում կինտեգրվի Ռուսաստանի բանկային համակարգին:

Խերսոնից հնչած հայտարարությանն անդրադարձել են Կրեմլից:

«Խերսոնի շրջանի բնակիչներն իրենք պետք է որոշեն՝ արդյոք երկրամասը կլինի Ռուսաստանի կազմում. այդ հարցը պետք է հստակ ստուգված լինի, ունենա իրավական հիմնավորում և լինի լեգիտիմ, ինչպես Ղրիմի դեպքում»,- հայտարարել է Ռուսաստանի մամուլի քարտուղարը:

Կիևի արձագանքը նույնպես չի ուշացել: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Խերսոնի իշխանությունների հայտարարությունը` Ռուսաստանին միանալու մտադրության մասին, նշել է, որ ուկրաինական բանակը կազատագրի իր տարածքը։

«Ուկրաինական բանակը կազատագրի Խերսոնը՝ անկախ նրանից, թե ինչ բառախաղեր կհորինեն զավթիչները»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։

ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ ԼԻՆԵԻՆՔ ՆԱՏՕ-Ի ԿԱԶՄՈՒՄ. ԶԵԼԵՆՍԿԻ

Պատերազմ չէր լինի, եթե ՆԱՏՕ-ն Ուկրաինան ընդուներ իր կազմում՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Ֆրանսիացի ուսանողների և դասախոսական կազմի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ մինչև ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինային չի հաջողվել տեղ գտնել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում:

Պատասխանելով խաղաղության հասնելու ճանապարհի մասին հարցին՝ Զելենսկին հաստատել է, որ Կիևի հիմնական նպատակը Ուկրաինայի ամբողջ տարածքում վերահսկողության և երկրի ինքնիշխանության վերականգնումն է:

«Մենք պետք է պայքարենք այս հողի վրա ապրելու մեր իրավունքի համար: Այստեղ կա որոշակի անտրամաբանություն. մենք կյանքեր կորցնելով պայքարում ենք մեր կյանքի համար։ Բայց դա հանուն մեր երեխաների երկրի ապագայի է»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին:

ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

Ռուսաստանը, արևմտյան երկրներից բացի, բավականաչափ գնորդներ ունի իր էներգետիկ ռեսուրսները սպառելու համար՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Օմանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Թող Արևմուտքն ավելի շատ վճարի, քան նախկինում վճարում էր Ռուսաստանին, և թող իր բնակչությանը բացատրի, թե ինչու նրանք պետք է աղքատանան»,- նշել է Լավրովը:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում պատերազմ Եվրոպայում, սակայն արևմտյան երկրները շարունակում են կրկնել՝ «պետք է հաղթել Ռուսաստանին»: «Եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ այսուհետ Ռուսաստանը հույսը դնելու է միայն իր և վստահելի գործընկերների վրա, որոնք ճնշող մեծամասնություն են կազմում։ Ռուսաստանի գործողությունները չեն ազդում աշխարհում պարենային խնդիրների վրա՝ կարծում է Լավրովը: Նրա խոսքով` այդ խնդիրները կապված են բացառապես արևմտյան անօրինական պատժամիջոցների հետևանքների հետ:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՏՆՕՐԻՆԻ ԵՐԿՐՈՒՄ ԵՂԱԾ ՌԴ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական գործակալությանը: Որոշման մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Դենիս Շմիգալի խոսքով` այս պահին երկիրն ու դաշնակիցները աշխատում են Ուկրաինայի վերականգնման մեծ պլանի ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ հիմնադրամը համալրելու հիմնական աղբյուրներից կդառնան բռնագրավված ռուսական ակտիվները և դրամական միջոցները»,- հայտնել Է Շմիգալը, նաև հավելել, որ Ուկրաինայի իշխանությունը կվերցնի այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի իրենց երկրում, իսկ միջոցները կուղղեն բանակի ուժեղացմանը, մարդկանց աջակցությանը և երկրի վերականգնմանը:

ԳՈՒՏԵՐԵՇԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՇՓՈՒՄՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ

«Եթե ուզում ես ինչ-որ խնդիր լուծել, պետք է գործ ունենալ նրանց հետ, ովքեր առաջացրել են խնդիրը, կամ նրանք կարող են լուծել խնդիրը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ավստրիայի կանցլերի հետ բանակցությունների ավարտին արած հայտարարության ժամանակ:

Անտոնիու Գուտերեշն ընդգծել է նաև Ռուսաստանի ղեկավարի հետ մշտական շփման մեջ լինելու անհրաժեշտությունը:

«Ես կարծում եմ, որ Մարիուպոլի բունկերում գտնվող խաղաղ բնակիչների կյանքերը արժանի են, որ ես հանդիպեմ ցանկացած մեկի հետ աշխարհի ցանկացած վայրում` առանց կասկածելու, որ դա ճիշտ որոշում է»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը մտահոգություն է հայտնել նաև Ուկրաինայում ռազմական գործողության հետևանքով աշխարհում առաջացած սովի ռիսկերի առնչությամբ: Նրա կարծիքով` խնդրի լուծում չկա՝ առանց Ուկրաինայի պարենային արտադրությունը և Ռուսաստանի ու Բելառուսի սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրությունը շուկա վերադարձնելու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում