ՄԻՊ գնահատականը ցուցարարների և ոստիկանների գործողություններին

ԼԼիլիթ Ասատրյան

Մամուլի ազատության համաշխարհային օրը մարդու իրավունքների պաշտպանի հրավիրած ասուլիսը սկսվեց շնորհավորանքով: Քրիստիննե Գրիգորյանն ընդգծեց՝ ժողովրդավար հասարակություններում առանցքային կարևորություն ունի չորրորդ իշխանության՝ լրագրողների դերը: Միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց մայիսի 2-ին Երևանում ընդդիմադիրների կազմակերպած ակցիայի ընթացքում լրագրողի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ:

Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Հավաքը լուսաբանող լրագրողը ենթարկվել էր բռնության հատկապես անվտանգության ոլորտում բարձրաստիճան պետական պաշտոնատար անձի կողմից: Սա խիստ մտահոգիչ է, և մենք հետևողական ենք լինելու այս հարցում մեղավորների անպատիժ չմնալու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև դեպք, երբ որոշ լրատվամիջոցներ լուսաբանել են, թե ինչպես են հավաքի ընթացքում այրում պատգամավորների նկարները: Ընդ որում՝ ըստ Գրիգորյանի, այդ արարքը չեն դատապարտել հավաքի կազմակերպիչները:

Քրիստիննե Գրիգորյան - Սա անհանդուրժողականության հրահրման կոնկրետ դեպք է, և ավելի ցավալի է, որ բացի այն, որ լրատվամիջոցը չէր կանխել դրա տարածումը, այլ նաև տարածվող նյութի ներքո ծայրահեղ վտանգավոր մեկնաբանությունները չէր հեռացրել:

ՄԻՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ակցիաների ընթացքում պաշտպանի աշխատակազմը եղել է ոստիկանության 8 բաժանմունքում, շփվել բաժին տեղափոխված ավելի քան 150 քաղաքացու հետ: Արձանագրել են ոստիկանության կողմից ընթացակարգի խախտման, նաև անհամաչափ ուժի գործադրման դեպքեր:

Քրիստիննե Գրիգորյան - Անձը շարժման դժվարություններ է ունեցել, հենափայտով է շարժվել, սակայն նրան բերման ենթարկելիս անհամաչափ ուժ էր կիրառվել, այսինքն՝ հաշվի չէր առնվել անձի նման իրավիճակը: Անհամաչափ ուժի մասով պիտի ասեմ, որ խոսքը վերաբերում է բերման ենթարկելիս մեկ անձի ոստիկանության ծառայողի կողմից ինտենսիվ հարվածներ հասցնելու,  գլխի հատվածում կանխամտածված հարվածներ հասցնելու, մի այնպիսի իրավիճակում, երբ անձը արդեն ոստիկանության ձեռքերում էր, և նրան ուղղակի տեղափոխում էին տրանսպորտային միջոց:

Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգել է նաև ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ակցիայի որոշ մասնակիցների պահվածքը:

Քրիստիննե Գրիգորյան - Հայհոյանքներ, վիրավորանքներ, ուսադիրներ պոկելու, տարբերանշաններ պոկելու դեպքեր, այսօր առավոտյան տեսա, որ ոստիկանին էին նաև հարվածել:

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ նաև ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթին, երբ վարչապետին ուղեկցող ոստիկանական ամենագնացը հարվածել էր փողոցն անցնող հղի կնոջը, ինչի հետևանքով հետիոտնը մահացել էր: Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունը հայտնեց մահացածի ընտանիքին:

Քրիստիննե Գրիգորյան - Ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը շատ դեպքերում ինչ-որ չընկալվածության հարց ունի, բայց կոնկրետ դեպքում ցավալի է տեսնել, որ ուղեկցող ծառայությունն ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում:

Պաշտպանի աշխատակազմը պատահարի օրը գրություն է ուղարկել գլխավոր դատախազություն: Դեպքի առնչությամբ ամբողջ գործընթացը կպահվի պաշտպանի հսկողության ներքո:

Հեղինակ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում