Նոր խթան՝ տեքստիլ ոլորտին. Կառավարությունը ռազմավարություն է մշակում

ԳԳևորգ Թոսունյան

Հայկական ջինսեր՝ Գյումրիից: Ընդամենը մի քանի տարի առաջ Գյումրիում բացված գործարանն արդեն մեծ ճանաչում ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Արտադրանքի հիմնական մասն արտահանվում է աուտսորսինգի տեսքով։ Սկզբնական մի քանի աշխատակցից այսօր գործարանի աշխատակիցների թիվը հասել է 140-ի։ Ընկերությանը ոտքի կանգնելուն օգնել է պետությունը:

Լիլիթ Զաքարյան (Zakaryan ընկերության կոմերցիոն տնօրեն) - Պետության կողմից ունեցանք աջակցություն՝ արտոնության տեսքով, ԱԱՀ երեք տարով հետաձգում, մաքսատուրքից ազատում:

Մեր երկրում վերջին տարիներին կարելի է հանդիպել տեղում արտադրվող ոչ միայն ջինսի, նաև հագուստի այլ տեսակների: Ավելացել է ոչ միայն արտադրությունը, նաև արտահանումը: 2021 թվականի տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է մոտ 90 մլրդ դրամի հագուստ, իսկ ներմուծվել մոտ 75 մլրդ դրամի: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Վրաստանը և եվրոպական երկրները: Ոլորտում ներկայում ներգրավված է ավելի քան 200 ձեռնարկություն, 30-ը՝ խոշոր, մոտ 8,5 հազար աշխատակցով, որը 1,5 անգամ ավելի շատ է, քան 2017 թվականին։

Տիգրան Ջրբաշյան («Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն) - Ինդուստրիան տեխնոլոգիական տեսակետից լավ վերազինված է: Էս տարիների ընթացքում մասնավոր սեկտորը բավական ներդրումներ է արել, և մեր էսօրվա գործարանները, կարող ենք ասել, թե աշխարհի եռյակի մեջ մտնող գործարաններ ունենք, կան գործարաններ, որոնք հանդիսանում են Եվրոպայում ամենախոշոր արտադրողները:

Մեր երկրում տեքստիլի և հագուստի արտադրությունը արդյունաբերության ռազմավարական ճյուղերից մեկն է և ունի զարգացման մեծ ներուժ: Ոլորտի զարգացումը խթանելու նպատակով Կառավարությունն այժմ մշակում է տեքստիլ ոլորտի զարգացման ռազմավարություն: Այդ նպատակով վերջին երկու ամսվա ընթացքում կատարվել են վերլուծություն և այցեր մի քանի տասնյակ ձեռնարկություններ, որի արդյունքում բացահայտվել են հայ արտադրողների ուժեղ և թույլ կողմերը։ Ոլորտի զարգացման հիմնական խնդիրներից առաջնայինն այսօր մասնագետների պակասն է: Արտադրողներն այսօր ունեն կարի օպերատորների, տեխնոլոգների և ինժեներների պակաս:

Տիգրան Ջրբաշյան - Միջին չափի ձեռնարկությունն այսօր ցանկացած պահին կարիք ունի 100-200 աշխատողի, բայց  չի կարողանում լրացնել, քանի որ հենց աշխատավարձերի չափը սկսում է բարձրանալ, ձեռնարկությունը դառնում է ոչ մրցունակ:

Ջրբաշյանի խոսքով՝ այսօր տեքստիլի արտադրությունը զարգանում է այն երկրներում, որտեղ աշխատուժն ավելի էժան է: Ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվել է ընկերություններում կատարված ուսումնասիրությունների և փորձագետների հետ քննարկումների արդյունքում:

Տիգրան Ջրբաշյան - Պետք է կարողանանք էս ոլորտում, ընդունելով որ այն ցածր արտադրողականության ոլորտ է, մաքսիմիզացիա անենք դեպի բարձր արտադրողականության ոլորտ:

Ըստ ռազմավարության՝ արտադրողականությունը նախատեսվում է բարձրացնել 2,7 անգամ։ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է միջոցներ հատկացնել միջազգային ցուցահանդեսներին՝ տեղական բրենդների և ձեռնարկությունների մասնակցության համար։ Բացի այդ, կհատկացվեն կրթաթոշակներ՝ տեքստիլի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար։ Ծրագրի կետերից է նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։ Նախատեսվում է Հայաստանում բացել առաջատար կրթական կենտրոնների մասնաճյուղեր։

Տիգրան Ջրբաշյան - Հետևապես խնդիր է այստեղ դրվում պրոֆեսիոնալ աշխատուժի ձևավորումը:

Առաջիկա տարիներին նախատեսվում է աշխատատեղերի թվի ավելացում և միջին աշխատավարձի մոտ մեկուկես անգամ բարձրացում։

Տիգրան Ջրբաշյան  - Առաջին դեպքն է, երբ պետությունը ոչ թե փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել, այլ պատրաստակամություն է հայտնում էս միջոցառումների ցանկով ձեռք մեկնել ինդուստրիային, եթե ինդուստրիան շարժվում է այդ ուղղությամբ:

Հագուստ արտադրող աշխարհահռչակ ընկերություններն այսօր մեծաքանակ պատվերներ են տալիս հայ արտադրողներին, դա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ պետք է ձևավորել զուտ հայկական բրենդներ՝ ասում է Ջրբաշյանը: Այսօր աշխարհում ձևավորվում են նոր իրողություններ, որն էլ նոր հնարավորությունների պատուհան է բացում հայ արտադրողների համար:

Լիլիթ Զաքարյան  - Բավականին կաջակցի այս հարցերում, թե՛ մասնագետների և թե՛ այլ արտոնություններ տրամադրելու հարցերում:

Ծրագրի հաջող իրականացման դեպքում կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին ոլորտում արտահանումը տարեկան կհասնի մոտ կես միլիարդ դոլարի։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ-ի աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում