Ընդդիմադիր տարբեր խմբեր մայրաքաղաքում շարունակել են բողոքի ակցիաները

ԱԱնուշ Մուրադյան

Ընդդիմադիր տարբեր խմբեր մայրաքաղաքում շարունակել են բողոքի ակցիաները: Նրանք այսօր էլ փակել են փողոցներ, հայտարարել, որ անցկացնում են իրազեկման ակցիաներ:

Օրը սկսվեց ուսանողների իրազեկման ակցիայով, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից նրանք կոչերով հասան Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, փակեցին Թումանյան փողոցը: Ակցիային միջամտեցին իրավապահները:

Գրեթե զուգահեռ` Հանրապետական կուսակցության անդամներն ու համակիրներն էին քայլերթ անում: Դատախազության շենքի առջև էլ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատներն էին հավաքվել: Իրավապահ կառույցն այսօր պաշտոնապես տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցում է տրվել զինվորներին` տուժող, իսկ նրանց հարազատներին` տուժողի իրավահաջորդ ներգրավել դեռ 2020-ից քննվող քրեական գործով:

Զոհերի հարազատները երեկ դատախազությանը միջնորդություն էին ներկայացրել ու պահանջել Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել: Նրանք վարչապետի դեմ հաղորդում էին ներկայացրել, երբ գրեթե երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն` առանց զոհերի։ Այս հարցով որոշում կայացնելու լիազորությունը դատախազությունը վերապահել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին: Ծնողներին մոտեցած դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանեց:

Գոռ Աբրահամյան (ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական) - Հստակ ժամկետներ են սահմանված միջնորդությունը քննարկելու համար, սահմանված է հնգօրյա ժամկետ, այլ բացառություն ժամկետի կրճատման օրենքը չի նախատեսում, հետևաբար հորդորում եմ սպասել:

Գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանն էլ վստահեցրեց, որ իրավապահները կաշկանդված չեն վարչապետին պատասխանատվության կանչել, բայց նախաքննության գաղտնիքից ելնելով` չպատասխանեց՝ արդյոք Փաշինյանը մինչև հիմա հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ:

Երեկոյան «Դիմադրություն» շարժման աջակիցները Գարեգին Նժդեհի հրապարակում էին: Մինչև քայլերթը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին խոստացավ հուսախաբ չանել:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ- Սա պայքար է հանուն Հայաստանի ու Արցախի, եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց, դուրս եկեք մեկ անգամ ու վերջնական, դրանից հետո մեր բոլոր խնդիրները լուծվելու են:

Իշխանափոխությունը նպատակին հասնելու միջանկյալ միջոցն է, բայց հենց այդ ճանապարհով է հնարավոր ունենալ հզոր երկիր, մեծ հայրենիք՝ երթից առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար- Ուզում եմ մեր բռունցքները բարձրացնենք, ասենք, որ չենք նահանջելու, լինելու ենք ամուր, լինելու ենք իրար հետ, միասնական ու անպայման հասնելու ենք մեր նպատակին:

Այսօր նրանց երթուղին անցավ Մաշտոցի պողոտայով, Պռոշյան փողոցով, Բաղրամյանով, իսկ վերջնակետը՝ կրկին Ազատության հրապարակն էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում