Ոչ մի գաղտնիք արդեն չկա, ամեն ինչի մասին խոսել ենք. ՀՀ վարչապետը՝ բանակցային գործընթացի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչքանո՞վ է հնարավոր բանակցային գործընթացի գաղտնազերծումը, վստահեցրեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ըստ էության, գաղտնիք չի մնացել, ամեն ինչի մասին խոսվել է:

«Մնացել է ասածները համադրել, մի երկու անճշտություն կա, փաստաթղթերով ճշտել, թե ո՞ր հանգամանքն է ճիշտ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նամակագրություններ, խոսակցություններ հրապարակելու մասին խմբակցության պատգամավորի առաջարկին՝ Փաշինյանն ասաց, որ այդ առումով հարուստ նյութ առանձնապես չկա էլ:

«Այնպես չէ, որ ամեն ինչ արձանագրվել է: Այդ 30 տարվա բանակցային գործընթացը մի թղթապանակի մեջ տեղավորվում է: Բայց կան, իհարկե, շատ կարևոր խոսակցությունների արձանագրություններ: Բայց պրոբլեմն այն է, որ մենք դա, որպես իշխանություն, չենք կարող անել»,- ասաց Փաշինյանը՝ ճիշտ չհամարելով տարբեր երկրների պաշտոնյաների հետ խոսակցություններ հրապարակելը:

Վարչապետը հիշեցրեց, որ իրենց ընդդիմախոսները ժամանակին խոստանում էին փաստեր, փաստաթղթեր հրապարակել:

«Իրենք Կառավարության «արգելակներով» կաշկանդված չեն, թող իրենք հրապարակեն: Ես բացարձակապես դեմ չեմ, որ իրենք հրապարակեն, թե ինչի մասին է խոսքը: Ես համոզված եմ՝ այն, ինչ իրենք հրապարակեն, ճշգրիտ կապացուցի այն, ինչ մենք այս ընթացքում անընդհատ ասել ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Մեղրիի փոխանակման» տարբերակին, ապա Փաշինյանը նշեց, որ անգամ համացանցում կարելի է 5 րոպեում գտնել այդ փաստաթուղթը: Ըստ նրա՝ 2007-ին է դա հրապարակվել, եղել է այդպիսի տարբերակ, մնացած փաստաթղթերն էլ են հրապարակվել:

«Իրականում խնդիրը ոչ թե բանակցային բովանդակությունն է, որովհետև ամբողջը հրապարակված է, այլ բանակցային բովանդակության տողատակերը և ներքին կապերը համադրելը և հասկանալը: Իրականում ոչ մի գաղտնիք արդեն չկա, ամեն ինչի մասին խոսել ենք, ես գոնե ամեն ինչի մասին խոսել եմ: Խնդիրը համադրություններ անելու պատճառահետևանքային կապերն արձանագրելն է»,- ասաց ՀՀ վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում