Ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել

ԴԴիանա Գասպարյան

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ

Ստեղծված իրավիճակը կարգավորելու շուրջ ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց կա` հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Քննարկումներ են անցկացվում ամենօրյա ռեժիմով։ Սա շատ բարդ գործընթաց է, երբեմն նույնիսկ՝ սկանդալային»,- նշել է նա, շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր միջնորդներին։

Ուկրաինայի նախագահի հետ համակարծիք է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ բանակցություններում ուկրաինական կողմն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում նախկինում արված սեփական առաջարկներից։

«Մենք նաև դեմ չենք արևմտյան երկրների միջնորդական ջանքերին, սակայն հստակ կարմիր գծեր ունենք, որոնց մասին երկար տարիներ խոսում ենք»,- ընդգծել է նախարարը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից պահանջելու է չեղարկել հակառուսական օրենքները։

Լավրովն անդրադարձել է նաև Ռուսաստան-Արևմուտք հետագա գործակցության հնարավորությանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան այլևս երբեք չպետք է կախում ունենա արտասահմանյան մատակարարումներից, սակայն պատրաստ է գործակցել, եթե Արևմուտքը նման ցանկություն հայտնի։

«Ռուսաստանը կուժեղանա Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ մեխանիզմների օգնությամբ»,- հավելել է նա։

Լավրովը նաև շեշտել է՝ եթե ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորամիավորում ուղարկի Ուկրաինա, դա կհանգեցնի դաշինքի և Ռուսաստանի Զինված ուժերի միջև ուղիղ բախման։ Նրա խոսքով՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում աշխարհում, այնքան էլ Ուկրաինայի հետ կապված չէ, դա ԱՄՆ կողմից նոր աշխարհակարգ ստեղծելու և միաբևեռ աշխարհը վերադարձնելու փորձ է:

ՆԱՏՕ-Ն ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ ՉԻ ԴԱՌՆԱ. ՇՈԼՑ

ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չի դառնա, այս հարցում Եվրոպան և ԱՄՆ-ը համակարծիք են, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Իհարկե, տեղյակ ենք, որ հնչում են Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի սահմանելու կամ այդ երկիր ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկելու պահանջներ։ Սակայն մենք չենք զիջի»,- նշել է Շոլցը։

Պաշտոնյան, այնուհանդերձ, վստահեցրել է՝ Գերմանիան մշտապես Ուկրաինայի կողքին է։

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՐՏԱՔՍԵԼ 45 ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ

Լեհաստանի հետախուզական ծառայությունը երկրի ԱԳՆ է ներկայացրել 45 ռուս դիվանագետի անուններ, որոնց Վարշավան մեղադրում է լրտեսության համար։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը 5 օրվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի հակալրտեսական ծառայության ներկայացուցիչ Ստանիսլավ Ժարինը:

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ։ Դեսպանի խոսքով՝ իր անունը ներառված չէ 45 ռուս դիվանագետների ցանկում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է՝ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի:

Վարշավայում ՌԴ դեսպանատան կայքի տեղեկատվության համաձայն՝ այս պահին Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմում ընդգրկված է մոտ 60 մարդ։

ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՌԴ-ԻՆ G20-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ը դաշնակիցների և գործընկերների հետ դիտարկում է «Մեծ քսանյակի» կազմից Ռուսաստանին հանելու հարցը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ առևտրի նախարարի հետ հանդիպումների ժամանակ Ռուսաստանին G20-ի երկրների խմբից հանելու առաջարկը դրական արձագանք է ստացել։

Վարշավան իր թեկնածությունն է առաջարկել՝ Մոսկվայի փոխարեն։ Հարցը կարող է քննարկվել Բրյուսելում կայանալիք ԵՄ և «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովներում։

Պաշտոնական Պեկինն արձագանքել է․ «G20-ի ոչ մի անդամ իրավունք չունի Մոսկվային հեռացնել միավորումից, քանի որ Ռուսաստանը դրա կարևոր մասն է»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում